2009-ԻՆ «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ը 70 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼՈՒ
Տնտեսություն
12:28 03/02/2009

2009-ԻՆ «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ը 70 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, «Գրանդ Թորնթոն Ամի» ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասին:

Ինչպես տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ մեր երկրում վաղուց էր հասունացել հեռահաղորդակցման ոլորտում ևս մեկ լուրջ ընկերության գործունեության անհրաժեշտությունը: Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ անցկացնելու, ինչպես նաև Հայաստանում գործարարության համար գործունեության բարենպաստ պայմանների ապահովման համար:

Ներկայացնելով հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմի» գործունեությունը, պարոն Դյութուան նշել է, որ Օրանժ Արմենիան դեռևս ձևավորման փուլում է և մտադիր է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ ու այդ ժամկետում սկսել գործունեությունը: Նա տեղեկացրել է, որ 2009-ի ընթացքում ընկերությունը նախատեսում է ևս 70 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել, նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում` ընդգրկելով ազգաբնակչության հնարավորինս լայն շրջանակներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՙՖրանս Տելեկոմի՚ մուտքը հայաստանյան շուկա կարևորել է մի քանի տեսանկյունից: Ըստ նրա, նախ ավելանում է մրցակցությունը հեռահաղորդակցման ոլորտում, որի արդյունքում շահելու են սպառողները, ինչը նաև նշանակում է նոր ներդրումներ ու նոր աշխատատեղեր: Այդ հանգամանքը կառավարության ղեկավարի խոսքով, առավել կարևոր է ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում: Տիգրան Սարգսյանի համոզմամբ, ՙՕրանժ Արմենիան՚ իր հետ Հայաստան է բերելու նոր բիզնես մշակույթ: Ըստ կառավարության ղեկավարի, ընկերության գործունեությունը, այդ ամենի արդյունքում, կնպաստի նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Placeholder
2009-ԻՆ «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ը 70 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼՈՒ