Գ. ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Քաղաքական
16:38 09/02/2009

Գ. ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

Փետրվարի 9 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գորան Լենմարկերի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ցյուրիխում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Այդ համատեքստում շեշտվել է, որ 2008-ի նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը, ինչպես նաև Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պարարտ հիմք են ստեղծում բանակցությունների առաջընթացի համար:

Իր հերթին Գորան Լենմարկերն ընդգծել է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը կարող է բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը և համոզմունք հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Գորան Լենմարկերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» առաջարկության վերաբերյալ:
Placeholder
Գ. ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»