ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
Կրթություն, գիտություն
12:41 17/02/2009

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ

Այսօր կայացավ «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի առաջին ազգային կոնֆերանսը:

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը հայտնեց, որ Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագիրը Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն իրականացնում է 2008 թվականի նոյեմբերից:

Նրա խոսքով, ծրագրի նպատակն է մշակել և տարածել ուսուցողական նյութեր, որոնք կբարձրացնեն միգրացիայի, մարդկանց առևտրի/թրաֆիկինգի վտանգների և առկա կանխարգելիչ միջոցառումների մասին իրազեկության աստիճանը դպրոցականների, ուսուցիչների և ծնողների մոտ, ինչը կնպաստի Հարավային Կովկասում մարդկանց թրաֆիկինգի կանխարգելմանը:

Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ հատուկ մշակված դպրոցական ուսուցողական ծրագրով ուսուցիչները կվերապատրաստվեն մարդկանց թրաֆիկինգի ոլորտում և ստացած գիտելիքներն ու կփոխանցեն իրենց գործընկեր ուսուցիչներին և 15-17 տարեկան աշակերտներին:

Այս տարածաշրջանային ծրագիրը նախատեսում է պետություններում բարձրացնել կրթության նախարարությունների կարողությունները մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի գործում` այդ երկրների ազգային ծրագրերին համապատասխան և նպաստել թրաֆիկինգի թեման դպրոցական ծրագրերում ընդգրկելուն:

«Այն համահունչ է Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրին, որը նախատեսում է դպրոցականների համար մշակել և տարածել կրթական նյութեր, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը և դրա կործանարար հետևանքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը»,- հավելեց Ի. Տեր-Մինասյանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ ծրագրի ավարտին ՄԱԿ-ին հաջողվի երեք թիրախ երկրներում թրաֆիկինգի թեման ներառել դպրոցական ծրագրերում:

Կոնֆերանսին հրավիրված ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ վերջին տարիներին մարդկանց թրաֆիկինգը դասվում է համաշխարհային հանրության ամենաշատ հուզող խնդիրներից մեկը: «Թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված քայլերից առաջնայինն իրազեկության բարձարցումն է: Շատ կարևոր է այս թեմայով դպրոցներում դասընթացները, հեռուստահաղորդումները և բաց քննարկումները, ինչպես նաև տեղեկատվական գրքույկների տարածումը: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել մանկատներում և հատուկ դպրոցների երեխաների իրազեկությանը այս թեմային, քանի որ նրանք սոցիալապես անապահով, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, կամ չքավոր ընտանիքից են: Թրաֆիկինգի դեմ պայքարը դա առանձին երկրի խնդիր չէ, քանի որ այն կրում է միջազգային բնույթ, ապա դա ենթադրում է համագործակցություն թիրախ պետությունների հետ»,- հավելեց նա:

Նշենք, որ «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագիր տևողությունը երեք տարի է 2008 թվականի նոյեմբերից մինչև 2010թ հոկտեմբերը:
Placeholder
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ