«ՈՍԿԵ ԴԻՄԱԿ»-ԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԸ»
Մշակույթ
12:06 18/02/2009

«ՈՍԿԵ ԴԻՄԱԿ»-ԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԸ»

Ռուսաստանում անցկացվելիք «Ոսկե դիմակ» Ազգային թատերական մրցանակաբաշխությանը և փառատոնին Հայաստանից մասնակցելու հրավեր է ստացել «Փոքր թատրոն»-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը: Նա նշեց, որ հեղինակավոր փառատոնի շրջանակներում այս տարի առաջին անգամ անցկացվելու է հատուկ արտամրցութային ծրագիր՝ «Մասկա պլյուս», որին մասնակցելու են հատկապես աչքի ընկած ներկայացումներ Ռուսաստանից, ԱՊՀ և բալթյան երկրներից: Հայաստանից «Մասկա պլյուս»-ին մասնակցելու է «Փոքր թատրոն»-ը՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ:

«Ոսկե դիմակ» հեղինակավոր փառատոնն այս տարի անցկացվում է մարտի 27-ից ապրիլի 17-ը: Իսկ «Օֆելյայի ստվերների թատրոն» ներկայացումը փառատոնում կբեմադրվի ապրիլի 3-ին և 4-ին: Գ. Դուրգարյանը տեղեկացրեց, որ Հայաստանը նախորդ տարի մասնակցել է փառատոնի շրջանակներում կայացած միայն թատերական տոնավաճառին:

«Օ‎ֆ‎ելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը ստեղծվել է ըստ Մ. Էնդեի համանուն հեքիաթի:

Գ. Դուրգարյանի խոսքով, «Ոսկե դիմակը» ԱՊՀ պետությունների թատերական միջազգային փառատոն անցկացվելու է Մոսկվայում, որը միտված է դառնալու լուրջ ներկայացուցչական թատերական համաժողով, ի մի բերելու, համախմբելու տարածաշրջանի առավել ակնառու, վառ ու հետաքրքիր բեմադրություններն ու բեմի նվիրյալներին:

«Փառատոնի նպատակը մեր երկրների ընդհանուր, միասնական մշակութային դաշտի վերածնունդն է, ԱՊՀ պետությունների թատերական հյուրախաղերի աշխարհագրության ընդլայնումը, թատերախմբերի ու թատերական գործիչների միջև ստեղծագործական և պրոֆեսիոնալ կապերի զարգացումը, ստեղծագործական ու տնտեսական նոր գաղափարների ու արտահայտչամիջոցների որոնումը»,- հավելեց նա:
Placeholder
«ՈՍԿԵ ԴԻՄԱԿ»-ԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԸ»