ՓՆՏՐՎՈՒՄ Է ԴԱՍԱԽՈՍ. ԳՏԵՔ ՁԵՐ «ԿԱՇԱՌԱԿԵՐ»-ԻՆ
Իրավունք
14:43 11/03/2009

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԴԱՍԱԽՈՍ. ԳՏԵՔ ՁԵՐ «ԿԱՇԱՌԱԿԵՐ»-ԻՆ

Առավոտյան երիտասարդական մետրոյի հարևանությամբ ձգվող ուսումնական հաստատությունների մոտակայքում մեծ «խժդժություն» էր:

«Միասին» երիտասարդական շարժումը կանգառներում, գետնանցումներում փակցրել էր դասախոսների, ամբիոնի վարիչների, դեկանների շրջանակի մեջ առնված լուսանկարներ, որոնց վրա մակագրված էր «կաշառակեր» բառը:

Լուսանկարների վրա նշված էր, որ ցանկը կազմվել է համաձայն ուսանողների շրջանում անցկացված հարցումների և շարժման էլեկտրոնային փոստին ուղարկված նամակների: Այդ ցանկը ընդգրկում էր մոտ 30 դասախոսի անվանում:

Առավոտյան աշխատանքի շտապող դասախոսները, ըստ ականատեսների, տեսնելով իրենց լուսանկարները` պոկել են պատերի վրայից, հանձնարարել հավաքարարներին մաքրել տարածքը: Նաև նման մաքրման հանձնարարականով փողոց են դուրս եկել վերոնշյալ բուհերի ուսխորհուրդների անդամ ուսանողները: Ըստ շրջանառվող լուրերի, սրանով շարժումը ցանկանում է ցույց տալ, որ ուսխորհուրդները ուղղակի պարապուրդի են մատնված կամ հենց իրենք են կոռուպցիայի օղակ:

Ականտեսները նաև պատմում են, որ ուսանողները տեսնելով իրենց դասախոսների նկարները` միանգամից ցանկացել են փնտրել նրանց: Որոշ ուսանողներ էլ տեսնելով իրենց դասախոսին` հարցնում էին. էս ե՞րբ են նման հարցում արել, մեր ֆակուլտետի դասախոսն է, բայց մենք նման հարցի երբևէ չենք պատասխանել:

Երիտասարդական շարժման կայքում գրված է, որ իրենք սկսել են կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երևանի մի շարք ԲՈՒՀ-երում:

Ըստ կայքի, ծրագրի նպատակն է ԲՈՒՀ-երի ուսանողության ուժերով վեր հանել ԲՈՒՀ-երում տեղի ունեցող բոլոր կոռուպցիոն երևույթները և հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաև ուսանողների և ԲՈՒՀ-երի աշխատակիցների անունները:
Placeholder
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԴԱՍԱԽՈՍ. ԳՏԵՔ ՁԵՐ «ԿԱՇԱՌԱԿԵՐ»-ԻՆ