ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ ԳԵՈՐԳԻ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ` ԵՊՀ-ՈՒՄ
Մշակույթ
17:40 17/03/2009

ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ ԳԵՈՐԳԻ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ` ԵՊՀ-ՈՒՄ

ԵՊՀ մշակույթի կենտրոնի հրավերով ուսանողներին էր այսօր հյուրընկալել է հայազգի հռչակավոր ռեժիսոր Գեորգի Իսահակյանը, ով Հայաստան է ժամանել Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան բեմադրելու համար: «Ուրախ եմ նորից հայրենի եզերքում գտնվելու համար: Ես արմատներով և հոգով հայ եմ, ուստի չէի կարող մերժել համալսարան այցելելու առաջարկը: Բայցի այդ, այս կրթօջախն ինձ շատ հարազատ է, քանի որ այստեղ են դասավանդել իմ պապն ու մայրը»,- ասաց ռեժիսորը:

Գեորգի Իսահակյանը նախ ներկայացրեց որոշ կենսագրական տվյալներ, այնուհետև ուսանողներին պատմեց իր ստեղծագործական փայլուն ճանապարհի հետաքրքրաշարժ մի քանի դրվագ:

Գ. Իսահակյանը ծնվել և կրթություն է ստացել Երևանում: Սակայն հայրենի երկրում ստեղծագործելու հնարավորություն չունենալու պատճառով ընդունել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր-բեմադրիչ աշխատելու առաջարկը. «Սկզբում ես շատ վիրավորված էի: Դիպլոմային աշխատանքիս թեման «Անուշն» էր, և այն գերազանց պաշտպանելուց հետո կարծում էի, որ կարող եմ գործունեություն ծավալել մեր օպերան զարգացնելու ուղղությամբ: Ցավոք, ճակատագրի բերումով հայտնվեցի հեռավոր Պերմում, սակայն չեմ զղջում, քանի որ հենց այնտեղ ես մեծ նվաճումներ ունեցա»,- պատմեց Գեորգի Իսահակյանը:

Ռեժիսորն իր աշխատանքային գործունեության ընթացքում բեմադրել է մի շարք աշխարհահռչակ ստեղծագործություններ` «Անուշ» (Ա. Տիգրանյան), «Սիրո երեք դեմքերը» (Ս. Պրոկոֆև), «Պիկովայա Դամա» (Պ. Չայկովսկի), «Օթելլո» (Ջ. Վերդի), «Բոհեմա» (Ջ. Պուչինի), «Նոյյան Տապան» (Բ. Բրիտտեն), «Ջրահարսը» (Ա. Դվորժակ) և այլն:

Գ. Իսահակյանը կարևորեց երիտասարդների հետ հանդիպումները և հավելեց. «Անկախ նրանից, թե որ երկրի բեմում եմ աշխատում, ես անհրաժեշտ եմ համարում երիտասարդների հետ շփումը, քանի որ հենց երիտասարդներն են մեր հանդիսատեսները, ուստի շատ ուրախ եմ ձեզ հանդիպելու համար»:

Նշենք, որ 2007 թ-ին ՌԴ նախագահի հրամանով թատերական ասպարեզի զարգացման գործում մեծ վաստակ ունենալու համար Գեորգի Իսահակյանին շնորհվել է «ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը: Իսկ 2008 թ-ին Կ. Մոնտեվերդիի «Օրֆեյ» օպերայի բեմադրման համար «Կուլտուրա» թերթը նրան ճանաչել է «տարվա ռեժիսոր»: Նա արժանացել է նաև ՌԴ պետական մրցանակի:
Placeholder
ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ ԳԵՈՐԳԻ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ` ԵՊՀ-ՈՒՄ