ԿԲԱՑՎԻ ՄԻՆԱՍԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Մշակույթ
11:25 24/03/2009

ԿԲԱՑՎԻ ՄԻՆԱՍԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի Հայաստանի վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի հոբելյանական ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 80-ամյակին, որը լրացել է անցած տարի հուլիսին: «Ցուցահանդեսը կազմակերպվում է այս տարի, քանի որ կազմակերպման և կատալոգի հրատարակման համար շատ ժամանակ էր պահանջվում»,- հավելեց նա: Ներկայացվելու են նկարչի լավագույն 80 նկարները, այդ թվում նաև գործեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել:

Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի օրը տեղի կունենա նաև Մինաս Ավետիսյանի մասին կատալոգի շնորհանդեսը: «Կատալոգի մեջ ներառված են կենսագրական տվյալներ, լուսանկարներ, նրա աշախատանքների ցուցակը, ինչպես նաև տպագրվել է Գերմանիայի Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգի համալսարանի արվեստաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Շլինգի հոդվածը»,- հավելեց նա:

Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգի համալսարանի արվեստաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Շլինգը 1995թ.-ին Հայաստան է այցելեց և այնպես է տպավորվել Մինաս Ավետիսյանի արվեստով, որ նրա ստեղծագործության մասին հոդված է գրել, որն ընդգրկել են հոբելյանական կատալոգում:

Կատալոգի հրապարակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ հոբելյանական ցուցահանդեսը այս տարի նախատեսվում է ներկայացնել նաև Մոսկվայում, սակայն ժամանակացույցը դեռ հստակեցված չէ:

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։

Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը:
Placeholder
ԿԲԱՑՎԻ ՄԻՆԱՍԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ