ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ 7-ԱՄՅԱԿԻՆ
Կրթություն, գիտություն
13:36 28/03/2009

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ 7-ԱՄՅԱԿԻՆ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների ուղեկցությամբ, այցելել է «Փոքր Մհեր» կրթահամալիր, մասնակցել կրթօջախի ստեղծման 7-ամյակին նվիրված հանդիսությանը, որն առաջին անգամ նշվում է որպես ծննդյան տոն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2001թ.մարտին, կրթական գործունեությունն սկսվել է 2002թ. սեպտեմբերի 1-ից` 40 հայկազուններով (սովորողներով): Կրթահամալիրի գործունեության հիմնական նպատակներն են` կազմակերպել եւ իրականացնել երեխաների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնական ընդհանուր, միջին (լրիվ) եւ ռազմահայրենասիրական կրթական ծրագրեր: Կրթահամալիրի սաներից շատերը զինծառայողների, զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են:

Շնորհավորելով կրթահամալիրի 7-ամյակի առթիվ, վարչապետը նշել է, որ այն յուրօրինակ կրթօջախ է, որտեղ դաստիարակվում է ճշմարիտ հայրենասերների սերունդ, որն իր արժանի տեղը կգտնի մեր երկրի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Հանդիսության պաշտոնական արարողությունից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել նաեւ մշակութային ծրագրին, որտեղ հանրապետության ճանաչված արտիստների հետ միասին, իրենց կատարողական ունակություններն են ցուցադրել կրթահամալիրի հայկազունները եւ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտական երգչախումբն ու նվագախումբը:
Placeholder