«ԻՄԱԺԵՍ» ՏՐԻՈՅԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մշակույթ
12:28 30/03/2009

«ԻՄԱԺԵՍ» ՏՐԻՈՅԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայ-բրազիլական համագործակցության շրջանակներում բրազիլական «Իմաժես» տրիոյի համերգները Հայաստանում տեղի կունենան այս տարի ապրիլի 1-ին Գյումրիի կոնսերվատորիայում և ապրիլի 3-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը:

«Իմաժես» տրիոյի համերգները կազմակերպվում են ՀՀ մշակույթի նախարարության, Բրազիլիայի մշակույթի նախարարության և ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության համատեղ ջանքերով:

«Իմաժես» տրիոն ստեղծվել է 1999 թ.` բրազիլացի լավագույն երեք երաժիշտներից` Սեսիլյա Գիդա /ջութակ/, Էնրիկե Միլլեր /թավջութակ/ և Աչիլ Պիչի /դաշնամուր/: Երեք երաժիշտներն էլ ստացել են եվրոպական գերազանց երաժշտական կրթություն և համերգային ազգային և միջազգային մրցանակների դափնեկիրներ են, դասավանդել են Սան Պաուլոյի քաղաքային երաժշտական դպրոցում: Տրիոն աչքի է ընկնում իր եզակի կատարումներով` մեղեդայնությամբ ու տեխնիկական կատարելությամբ: «Իմաժես» տրիոն մեծ հաջողությամբ համերգներով հանդես է եկել Բրազիլիայում և այլուր, նաև Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Արգենտինայում...

Նվագացանկում ունենալով թե' բրազիլացի, թե' տարբեր երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ` տրիոն Բրազիլիայում արժանացել է «Երաժշտության դեսպաններ» կոչմանը: 2002 թ. տրիոն հանդես է եկել նոր ստեղծագործությունների բազում պրեմիերաներով: Նույն տարում Հայաստանի կառավարության կողմից արժանացել է «Պատվավոր մրցանակի»` բազում համերգային ծրագրերում հայ երաժշտություն հնչեցնելու և հայկական երաժշտության տարածման գործում անգնահատելի վաստակի համար:

Տրիո «Իմաժեսը» Արվեստների ասոցիացիայի քննադատների կողմից արժանացել է «2006 թ. լավագույն կամերային անսամբլ» ազգային մրցանակին, այնուհետև «2008 թ. քննադատների մեծագույն պարգևին»: 2007 թ. Տրիոն արժանացել է «Կառլոս Գոմեշի մշակութային կոչմանը» ` Բրազիլիայի մշակութային կյանքում ունեցած ներդրման համար:

Նշենք, որ համերգներն անցկացվելու են բրազիլական մշակույթի շաբաթվա շրջանակներում:
Placeholder
«ԻՄԱԺԵՍ» ՏՐԻՈՅԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ