SKYPE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ IPHONE ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տնտեսություն
12:20 01/04/2009

SKYPE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ IPHONE ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

eBay Inc ընկերությունը, որը հայտնի որպես Skype ծրագրի ստեղծող, մշակել է հատուկ ծառայություն iPhone հեռախոս ունեցողների համար: Այժմ ծրագիրը տեղադրելով հեռախոսում, iPhone ունեցողները կարող են անվճար զանգել միմյանց: Ակնկալվում է, որ ծրագրի թողարկման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր:

Skype-ն անվճար ծրագիր է, որը ինտերնետի միջոցով մատչելի և բարձրորակ ձայնային կապ է ապահովում աշխարհի բոլոր համակարգիչների միջև: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս երկրների մեծ մասում կատարել նաև վճարովի զանգեր համակարգչից դեպի ստացիոնար և բջջային հեռախոսահամարներին:

Սակայն մասնագետները որոշել են չսահմանափակվել միայն համակարգչային կապով: Ավելի վաղ Skype-ը հայտարարել էր Nokia-ի, Microsoft-ի Windows Mobile կամ Google Inc-ի Android օպերացիոն համակարգերով զինված հեռախոսների համար նախատեսված իր ծառայության թողարկման մասին:

«Մենք սպառողներից ստացել ենք առաջարկ` մշակել Skype iPhone-ի համար»,-ասել է Skype-ի օպերացիոն գծով տնօրեն Սքոթ Դերչսլեգը: Reuters-ի փոխանցմամբ, iPhone-ի համար նախատեսված ծրագրի առավելություններից մեկն էլ այն է, որ օգտագործողը ստիպված չէ կրկնել կոնտակտների ցանկը, նրանք կարող են օգտագործել հեռախոսում առկա կոնտակտները` Skype-ով զանգելու համար: Այժմ ընկերության մասնագետները վերանայում են վիդեոկապի ծառայության ներդրման հնարավորությունը, որն ակտիվորեն օգտագործվում է Skype-ի համակարգչային տարբերակի օգտագործողների կողմից:

Դերչսլեգի խոսքով, iPhone-ի համար նախատեսված ծրագիրը կարելի է բեռնել անվճար, որի դեպքում հեռախոսի տերերը կարող են անվճար զանգել միմյանց: Skype չունեցող հեռախոսներին զանգելու համար գանձվելու է րոպեավճար, ինչպես և նախկինում էր:

Բացի այդ, շուտով Skype-ը հասանելի կդառնա BlackBerry մոդելի հեռախոսների համար, որի մասին, ինչպես ակնկալվում է, պաշտոնապես կհայտարարվի մայիսին:
Placeholder
SKYPE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ IPHONE ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ