ԵՊՀ ԹԻՄԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՕՔՍՖՈՐԴԻ ԵՎ  ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԹԻՄԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
13:47 03/04/2009

ԵՊՀ ԹԻՄԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՕՔՍՖՈՐԴԻ ԵՎ ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԹԻՄԵՐԻՆ

Վաշինգտոնում անցկացված միջազգային իրավունքի ասպարեզում ամենահեղինակավոր` Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին, Հայաստանը ներկայացնող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմն արժանացել է Alona E. Evans-ի անվան «Լավագույն գրավոր աշխատանք» 5-րդ մրցանակին:

Այսօր Կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը ԿԳՆ շնորհակալագրերով պարգևատրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լևոն Գևորգյանին, Արմենուհի Գառգալոյանին, Տարոն Սիմոնյանին, նրանց մարզիչ և խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Եղիշե Կիրակոսյանին, թիմի իրավախորհրդատու, նույն ֆակուլտետի դասախոս Սառա Շիրազյանին, իսկ թիմն արժանացավ ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի:

«Իրավագիտության ֆակուլտետի թիմի արձանագրած հաջողությունը ողջ կրթական ոլորտի, ինչու չէ նաև մեր հանրապետության ձեռքբերումն է», -ասաց Ա. Ավետիսյանը:

Հայաստանը Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին հինգերորդ անգամ էր մասնակցում, իսկ ԵՊՀ-ն ներկայացնող իրավաբանների այս թիմը` երկրորդ:

Աշխարհի 80 երկրի համալսարանների շուրջ 120 թիմ իրենց գիտելիքներն ու հմտությունները չափել են միջազգային իրավունքի առավել վիճահարույց և արդիական հիմնահարցերի ոլորտում: Կրկնօրինակելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի գործերի վարույթի ողջ ընթացակարգը` մրցույթն իրենից ներկայացնում էր երկու պետությունների իրավական վեճի կարգավորման գործընթաց և բաղկացած էր երկու հավասարազոր փուլից` գրավոր և բանավոր: Նշենք, որ բանավոր փուլում Իրավագիտության ֆակուլտետի թիմի գրավել է 41-րդ տեղը:

Այս տարի իրավական վեճերը վերաբերել են միջազգային դատարանի իրավազորությանը, մարդասիրական նկատառումներով զինված ուժի գործադրմանը, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և արդար դատաքննության իրավունքին:

Դատախաղ-մրցույթում Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը գերազանցել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերին:
Placeholder
ԵՊՀ ԹԻՄԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՕՔՍՖՈՐԴԻ ԵՎ ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԹԻՄԵՐԻՆ