ԸՍՏ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄՏՆԵԼ
Քաղաքական
14:15 09/04/2009

ԸՍՏ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄՏՆԵԼ

Րոպեներ անց՝ Երևանի ժամանակով 15:00-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վրացական ընդդիմությունը պատրաստվում է մեծ ու բազմամարդ հանրահավաք անցկացնել: Հանրահավաքից առաջ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն բացառիկ հարցազրույց է տվել Panorama.am-ին:

- Տիկին Բուրջանաձե, ի՞նչ սպասումներ ունեք այսօրվա հանրահավաքից:

- Մենք վստահ ենք, որ այսօր շատ մարդ է լինելու հանրահավաքի ժամանակ, որտեղ ժողովուրդը պահանջելու է Սահակաշվիլու հրաժարականը: Ես կարծում եմ, որ այս պահը շրջադարձային է լինելու մեր նորագույն պատմության մեջ: Մենք պետք է հասնենք խաղաղ ճանապարհով նախագահի հրաժարականին:

- Ձեր կարծիքով, հնարավո՞ր է կրկնվի նույն սցենարը, ինչ եղավ Վարդերի հեղափոխության ժամանակ

- Ոչ, որովհետև այն ժամանակ իրավիճակն այլ էր, այն ժամանակ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան և դրա լեգիտիմության հարց էր դրված: Այժմ այդ խորհրդարան մտնելու անհրաժեշտություն ամենևին չկա, եթե նույնիսկ լիներ էլ, մենք չենք պատրաստվում մտնել պետական որևէ շենք: Մենք այժմ այլ ռազմավարություն ենք որդեգրել:

- Ինչպիսի՞ ռազմավարություն

- Դա լինելու է խաղաղ, սահմանադրական ճանապարհ այդ խնդրի լուծման համար: Բայց փոքր-ինչ այլ:

- Ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 9-ին ընդառաջ իշխանությունների գործողությունները: Հայտնի են դեպքեր, երբ ձեր կողմնակիցները դաժան ծեծի են ենթարկվել:

- Գիտե՞ք, ոչ միայն ծեծելու դեպքեր են եղել: Շատ անմեղ մարդիկ այժմ նստած են բանտերում, մարդիկ երկար ժամանակ տեռորի տակ են գտնվել: Այդ ամենը ցույց է տալիս, որ այս կառավարությունը ոչինչ չի սովորել, ոչ մի իրական դասեր չի վերցրել կատարված իրադարձություններից: Դա ևս մեկ փաստ է, թե ինչու նրանք պետք է հեռանան:

- Տիկին Բուրջանաձե, որոշ փորձագետներ կարծում են, որ Վրաստանում հեղափոխություն չի լինի, ոչ թե այն պատճառով, որ Սահակաշվիլու վարչակազմն ուժեղ է, այլ այն պատճառով, որ ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի:

- Մենք չենք էլ պատրաստվում հեղափոխություն անել: Մենք պատրաստվում ենք պահանջել նախագահի հրաժարականը և հասնել նրա հրաժարականին: Նախագահի հրաժարականը հեղափոխություն չէ:

- Կարծիք կա, որ վրացական ընդդիմությունը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից: Ինչպե՞ս եք մեկնաբանում դա:

- Ես դա ոչ մի կերպ չեմ մեկնաբանում: Կարծիքները կարող են տարբեր ու զանազան լինել: Բայց պետք է լինեն փաստերց ապացույցներ: Դրանք նախագահ Սահակաշվիլու և նրա կողմնակիցների կողմից հատուկ տարածած լուրեր են, որպեսզի վարկաբեկեն ընդդիմությանը: Նրանք նաև հատուկ ցուցադրեցին մի ֆիլմ, որտեղ ընդդիմությունն իբրև թե պատրաստվում է ռազմական հեղափոխություն իրականացնել: Սակայն այդ ամենն իրենց օգտին չեղավ, որովհետև ոչ մի նման բան չկա:
Placeholder
ԸՍՏ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄՏՆԵԼ