ՃԳՆԱԺԱՄԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՏՑՆԻ
Տնտեսություն
16:25 10/04/2009

ՃԳՆԱԺԱՄԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՏՑՆԻ

Տնտեսական ճգանաժամը չի ազդի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրականացման վրա: Այսօր կայացած ասուլիսում վստահեցրեց երկրի ղեկավարը:

«Եթե իմանայի ճգնաժամի մասին, հավանաբար, այլ ծրագիր կունենայի: Բնականաբար, ես չէի կարող կանխատեսել, որ ճգնաժամ կլինի»,- ասաց նա` հավելելով, սակայն, որ դա առիթ չէ իր ծրագրերից հրաժարվելու համար: Նախագահը հիշեցրեց, որ նախընտրական խոստումները տրվել են հետագա հինգ տարիների կտրվածքով, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին կանդրադառնա իր խոստումներին` արդեն կայացած փաստի ձևով:

Անդրադառնալով այն հարցադրումներին, թե հնարավոր է արդյոք ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ճշգրտումներ մտցնի երկրի ղեկավարության տնտեսական ու ենթակառուցվածքային խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման հարցում, նախագահը բացասական պատասխան տվեց: «Ճգնաժամը ոչ թե պակասեցրել է մեր հաստատակամությունը, այլ` ընդհակառակը: Ճգնաժամը ստիպում է ավելի շատ ջանք գործադրել այս ծրագրերի իրականացման համար: Դրանք մեր հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մասն են»,- ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ ձեռնարկված նախագծերից յուրաքանչյուրը` ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի, և այլն, լուրջ սոցիալական փաթեթ է պարունակում, հետևաբար ոչ միայն տնտեսական շահ է հետապնդում և այլև ճգնաժամի պայմաններում լուրջ սոցիալական խնդիրներ լուծելու ներուժ ունի:

«Ես հասկանում եմ որոշ մարդկանց թերահավատությունը: Դրանք բազմամիլիարդանոց ծրագրեր են: Բայց մենք ներգրավելու ենք այդ միլիարդները»,- վստահեցրեց երկրի ղեկավարն ու հույս հայտնեց, որ արդեն այս ամիս երկրի կառավարությունն այս առումով հասարակությանն ասելու բան կունենա:

Ենթակառուցվածքային նախագծերի թեման նախագահ Սերժ Սարգսյանը շոշափեց նաև մեկ այլ` հաջորդ շաբաթ Իրանի իսլամական հնարապետություն կատարելիք այցի վերաբերյալ հնչեցված հարցի շրջանակներում: Նախագահը նշեց, որ արդեն իսկ սկսվել են հայ-իրանական սահմանում հիդրոէլեկտրակայանի կառուցման համատեղ աշխատանքները, և հույս հայտնեց, որ երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի: Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հնարավոր է իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի նոր խողովակաշարի կառուցման հարցում, որով, ըստ նախագահի, Իրանից Հայաստան կներմուծվի պատրաստի նավթամթերք` բենզին, դիզելային վառելիք:

Նախագահը նշեց նաև, որ փոփոխության չեն ենթարկվելու աղետի գոտւ համար նախատեսված ծրագրերը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ աղետի գոտին, չնայած սոցիալ-տնտեսական դժվարություններին, դուրս չի մնացել Հայաստանի ոչ մի կառավարության ուշադրությունից, և ներկայիս տնտեսական բարդությունները ևս չեն կարող ստիպել երկրի իշխանություններին` վերանայելու արդեն ընդունված ծրագրերը: Ըստ այդմ` այս տարի նախատեսվածին համապատասխան Գյումրիում շահագործման կհանձնվի 1000 բնակարան:

Երկրի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող հարցադրումներն այսքանով չսահմանափակվեցին: Լրագրողները նախագահից հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիքի է նա շրջանառվող այն տեսակետին, որ անհրաժեշտ է ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտներին, այսպես կոչված, «հարկային արձակուրդ» տալ կամ հետաձգել հարկային վարչարարության բարելավման քայլերը: Այս կապակցությամբ նախագահը կտրուկ էր. «Լավ չեմ վերաբերվում»:

Այսօրինակ դիտարկումներին նախագահն իր գնահատականն ունի, ըստ որի իրականում դրանք նպատակ են հետապնդում ճգանժամի թեմայի շահարկմամբ խուսափել հարկային պարտավորությունները կատարելուց: Նախագահի խոսքով, նման գնահատականները գալիս են հարկային մարմիններից խուսափող տնտեսվարող սուբյեկտների կողմից, ինչպես նաև այն անձանց կողմից, ովքեր աշխատել են պետական եկամուտների կոմիտեում, սակայն անբարեխիղճ աշխատանքի պատճառով հեռացվել են համակարգից: Նախագահի տեղեկացմամբ, անցնող մեկ տարում մաքսային ծառայությունից հեռացվել են մի քանի տասնյակ, իսկ հարկայինից շուրջ 300 աշխատող:
Placeholder
ՃԳՆԱԺԱՄԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՏՑՆԻ