ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Տնտեսություն
20:31 10/04/2009

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի վերաբերյալ խորհրդի իրավակարգավորման աշխատանքային խմբի առարկությունները, մաքսային օրենսդրության և վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը և այլ հարցեր:

Խորհրդի նախորդ նիստի մեկ տասնյակից ավելի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարները: Մասնավորապես, խորհուրդն ի գիտություն է ընդունել Ռազմավարական քաղաքականության աշխատանքային խմբի ղեկավարի տեղեկատվությունը այն մասին, որ համապատասխան աշխատանքային խմբերի հետ քննարկվել է պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված 2010-2011թթ. նախատեսված միջոցառումների ցանկում առկա ծրագրերի իրականացումը, որի արդյունքում առաջարկվել է ծրագրերի մի մասը տեղափոխել 2009 թ.` ներկայացնելով հիշյալ խնդրի լուծման եռամյա ծրագիր:

Ըստ նրա, դա հնարավորություն կտա արդեն այս տարեվերջին ունենալ էլեկտրոնային կառավարման գործող համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման իրական հնարավորություններով: Ի գիտություն է ընդունվել նաև խորհրդի Գիտության և կրթության աշխատանքային խմբի ղեկավարի տեղեկատվությունը «Հայկական էթնիկ բիզնես-մասնագիտական ցանցի» ստեղծման վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է հարցի վերաբերյալ համապատասխան վերլուծական նախապատրաստել և ներկայացնել նաև Ազգային մրցունակության խորհրդի քննարկմանը, քանի որ այն, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, հնարավորություն է ընձեռնում արագ և առանց մեծ ծախսերի մոբիլիզացնելու համայնքները: Մեկ այլ հանձնարարականի` ՀՀ-ում ՏՏ ոլորտում նշանակալից հայտնագործությունների և լավագույն աշխատանքների համար միջազգային նախագահական մրցանակ սահմանելու վերաբերյալ ևս, ի գիտություն է ընդունվել, որ հարցը դրական լուծում է ստացել, ինչը, անկասկած, կնպաստի մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը և միջազգային հեղինակության աճին:

Քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ նիստի մի շարք հանձնարարականների կատարման վերաբերյալ առկա է որոշակի առաջընթաց, մի քանիսը դեռևս քննարկման փուլում են: Վարչապետը նշել է այդ հարցերի շուրջ քննարկումները շարունակելու և դրանց լուծման գործում հետևողականություն դրսևորելու անհրաժեշտությունը:

Օրակարգի երկրորդ հարցի` «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առարկությունների վերաբերյալ, հանձնարարվել է շարունակել հարցի քննարկումը Հանրային ծառայությունները կորգավորող հանձնաժողովի հետ և արդյունքների մասին տեղեկացնել խորհրդին:

Խորհուրդը քննարկել է նաև մաքսային օրենսդրության և վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որը նախապատրաստվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «ՏՏ ոլորտի գործարար և կարգավորիչ դաշտը Հայաստանում» վերլուծություն-հաշվետվության և Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների առաջարկությունների հիման վրա: Նշվել է, որ փաթեթը, որում ներառված են Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ներմուծման և արտահանման խնդիրները, քննարկվել է շուրջ 5 տասնյակ ձեռնարկությունների և ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտեի հետ:

Վարչապետը հանձնարարել է «ՏՏ ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կարեն Վարդանյանին` մեկ շաբաթյա ժամկետում հավաքագրել և հստակորեն շարադրել քննարկվող խնդրում ընկերություններին մտահոգող բոլոր հարցերը և ներկայացնել ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտե: Վերջինիս հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել պաշտոնական մեկնաբանություններ նշված հարցադրումներին, որից հետո, անհրաժեշտության դեպքում, հարցը լրացուցիչ կքննարկվի խորհրդի հաջորդ նիստում:

Այլ հարցերի թվում, խորհուրդը քննարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումները ևս: Նշվել է, որ չնայած անցած տարի ակտիվությունը ոլորտում մեծ է եղել, այնուամենայնիվ, Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից տրված գնահատականներում վարկանիշի նահանջ կա: Խնդրի կարգավորման ուղիների թվում նշվել է, մասնավորապես, երկրում ոլորտի իրական վիճակի մասին տեղեկատվության հոսքերի համակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների` հասարակության լայն խավերին հասանելիության և մատչելիության, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացման, ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարելավման անհրաժեշտությունը:

Հանձնարարվել է գիտության և կրթության նախարարին` ուսումնասիրել նշված հարցերի լուծման Էստոնիայի դրական փորձը և ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին: Որոշվել է նաև առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` քննարկել հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից էլեկտրոնային վճարումների պարտադիր համակարգի սահմանման հնարավորությունը:

Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ՏՏ ոլորտի խթանման և հասարակությանն այն առավել մատչելի դարձնելու նպատակով, հանդես է եկել այս տարվա երրորդ եռամսյակում էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ ներկայացուցչական համաժողով կազմակերպելու մասին հայտարարությամբ:
Placeholder