ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Մշակույթ
13:45 14/04/2009

ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը Hurriyet թերթի հետ զրույցում կոչ է արել Հայաստանին համագործակցել Անիի ավերակների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու գործում: «Հայաստանն ու Թուրքիան պետք է համագործակցեն Անիի ավերակների վերականգնման աշխատանքներն իրագործելու ուղղությամբ» - , նշել է նախարարը, հավելելով, որ ողջունելի կլիներ նմանա մշակութային միջոցառումների ծրագրի կազմակերպումը նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Աշխատանքները սկսվելու են Անի քաղաքի տաճարից, որի վերակառուցմանը կօժանդակի նաև Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը: Նախարարի հավաստմամբ, հայ փորձագետներն արդեն մասնակցել են ծրագրի իրականացմանը նվիրված քննարկումներին:

Մշակույթի նախարարը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններում հավանական առաջընթացին և նշել, որ հնարավոր չէ Կովկասում խաղաղություն հաստատել, անտեսելով Ադրբեջանը: «Մենք չպետք է անտեսենք ադրբեջանցիներին` հարաբերություններ հաստատելով հայերի հետ», - ասել է նա:

Այնուամենայնիվ, Գյունայը բարձր է գնահատել մշակույթի դերակատարությունը քաղաքական դժվարին խնդիրներում համաձայնության գալու մեջ: Այդ գործընթացի շրջանակում կարևորում է թուրք հայտնի դաշնակահար Իդիլ Բիրեթի մոտագա համերգը Երևանում, դիտարկելով այն որպես երկու երկրների միջև երկխոսությանը խթանող քայլ Թուրքիայի կողմից:

Թուրք նախարարն իր բացասական վերաբերմունքն է հայտնել նաև վերջին ժամանակներս Թուրքիայում գտնվող հայկական պատմական բնակավայրերի անվանումների թուրքացման առնչությամբ և ասել: «Անիմաստ եմ համարում պատմական բնակավայրերի անվանափոխությունները: Հին անվանումների պահպանումը վտանգ չեն ներառում իրենց մեջ», - նշել է նախարարը:
Placeholder
ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ