«ԲԱՐՔԵՄՓ ԵՐԵՎԱՆԸ» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Տնտեսություն
14:05 18/04/2009

«ԲԱՐՔԵՄՓ ԵՐԵՎԱՆԸ» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Երեկ Երևանում մեկնարկել է ԲարՔեմփը և կշարունակվի նաև վաղը: Ինչպես կազմակերպիչներն են նշում, ԲարՔեմփը Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով անցկացվող կոնֆերանս է: Այսօր տարբեր խմբերի բաժանված մասնակիցները մի քանի լսարաններում ցուցադրում-ներկայացնում էին իրենց ինտերնետ կայքէջը, ՏՏ ոլորտներում կատարած նորամուծություններն ու հայտնագործությունները:

«ԲարՔեմփ-Երևան»-ի Ուկրաինայից եկած մասնակից Մաքսիմ Սավանևսկին ունկնդիրներին ներկայացրեց, թե ինչ հզոր է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի PR արշավն ինտերնետում: Ըստ ուկրաինացի ներկայացնողի, PR արշավի կազմակերպիչները աշխատել են «Օբաման ամենուր է» սկզբունքով, արդյունքում Օբամայի մասին պատմող տեսահոլովակներ, երգերն ու գովազդները տեղակայվել են Youtube-ում facebook-ում, Twitter-ում և այլ ինտերնետ ռեսուրսներում: «Մարդիկ մեկ միլիարդ րոպե Youtube-ում նայել են Օբամայի մասին տեղադրված հոլովակներ»,- ներկայացրեց ուկրաինացի մասնագետը՝ ցուցադրելով «Ասա մայրիկիդ քվեարկի Օբամայի օգտին» նախընտրական հոլովակը:

Մասնագետն ասաց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ Օբաման «սիրելի ու ընդունելի» է եղել հատկապես երիտասարդների շրջանում:

«Եթե էլեկտրոնային բովանդակություն կա, ՏՏ-ն զարգանում է, եթե չկա ՏՏ-ն հետաքրքիր չէ ոչ մեկի համար, բացի ինժեներներից», - էլեկտրոնային բովանդակության վերաբերյալ իր շնորհանդեսի ժամանակ ասաց Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուքասզյանը: Նրա խոսքով, իրենք դեռ 2004-ից Հայաստանում սկսել են կազմակերպել Էլեկտրոնային բովանդակության մրցույթներ. Արդյունքում 3 գործ համաշխարհային մրցանակ են ստացել:

«Այն ազգերը, որոնք չեն կարողանա յուրացնել ՏՏ-ն որպես մշակութային երևույթ, դատապարված են վերացման: Դա մեզ չի սպառնա, քանի որ մենք գիտակցում ենք, որ սա պետք է դառնա մեր մշակութային զարգացման կարևորագույն երևույթը նաև տնտեսական մրցակցության հենքը պետք է լինի», - ելույթում նշեց Չուքասզյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում մտադիր են անցկացնել մի շարք քննարկումներ, որոնք նվիրված են լինելու հայկական էլեկտրոնային բովանդակության ռազմավարության ստեղծմանը:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում: ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա, ըստ ժամերի, դասավորում են իրենց զեկուցումների թեմաները:
«ԲարՔեմփ Երևանի»-ն մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ տեղերից:
Placeholder
«ԲԱՐՔԵՄՓ ԵՐԵՎԱՆԸ» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է