ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  21-ՐԴ ԴԱՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մշակույթ
13:41 21/04/2009

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր Երևանում մեկնարկել է «Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովը, որտեղ ողջյունի խոսքով հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

«Կարծում եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակներին և կդառնա համազգային մասնագիտական ներուժի բացահայտման ու արդյունավետ կիրառման, ճարտարապետության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման գրավական»,-ասել է վարչապետը:

Տ. Սարգսյանը նշել է, որ հանրապետության նախագահի և կառավարության ծրագրերում կարևոր տեղ է գրավում հայ ժողովրդի հավաքական ուժի ամբողջացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել ազգային ճարտարապետական ժառանգության պահպանման, ստեղծագործական յուրացման ու զարգացման, փոխանցման հիմնախնդիրները, երիտասարդ ճարտարապետների պատրաստման և վերապատրաստման ներկա հրամայականները, արդի ճարտարապետական ոճերի, մոտեցումների, նոր տեխնոլոգիաների և նյութերի ներդրումը հայկական ճարտարապետության մեջ, մասնագիտական ընկերակցության ստեղծումը, որը համահայկական մասնագիտական ցանցի ստեղծման նախապայման է:

«Հայոց ցեղասպանությանն ու ժողովրդի տարագրմանը հաջորդեցին պատմամշակութային ավերածություններ ու խեղաթյուրումներ, որոնք դեռ շարունակվում են` փորձելով ջնջել մեր հնագույն քաղաքակրթությունը մարդկության հիշողությունից` աղավաղելով պատմությունը:

Այն Հոգևոր Հայաստանը, Հայկական աշխարհը, որ մենք փորձում ենք կառուցել, պետք է հիմնված լինի նախ և առաջ հայ մշակույթի վրա: Հայկական ճարտարապետական կոթողներն ազգային գաղափարախոսության հիմնասյուներից են: Ամեն մի տաճար, պալատ, կամուրջ, ամրոց, վանական համալիր, վիմափոր խորան կամ խաչքար մի յուրօրինակ գաղափարագիր է, մի ժառանգական կոդ, որ դեռ պետք է ուսումնասիրել, ճանաչել ու փոխանցել»,-իր խոսքում ասել է գործադիրի ղեկավարը:

Տ. Սարգսյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ 2010թ. Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի է ունենալու հերթական ցուցահանդեսը, որին պետք է մեր երկիրը ևս ներկայանա: «Ինչպե՞ս, ի՞նչ գործերով, ի՞նչ բրենդով պետք է ցուցահանդեսում ներկայացվի Հայաստանն աշխարհին: Դա պայմանավորված կլինի նաև ձեր առաջարկներով, ձեր մտահղացումներով, ձեր տեսլականով: Մենք ակնկալում ենք ստանալ ձեր առաջարկությունները»,-ասել է նա:

Նշենք, որ այսօր համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ