ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԱԴԱՅԻՑ ԽՈԶԻ ՄԻՍ ՉԻ ՆԵՐԿՐԻ
Առողջություն
13:31 27/04/2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԱԴԱՅԻՑ ԽՈԶԻ ՄԻՍ ՉԻ ՆԵՐԿՐԻ

Հայաստանն այսօրվանից Կանադայից խոզի միս չի ներկրի: Այս մասին Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանը: Նրա խոսքով, ներկրումների դադարեցումը կախված է մի շարք երկրներում բռնկված խոզերի գրիպի հետ:

Այժմ, ըստ նրա, Հայաստանը խոզի միս կներկրի միայն Բրազիլիայից: «Մենք չենք կարող դադարեցնել ներկրումը, այլապես այդ երկիրը մեզ դատի կտա»,-ասաց Ա. Ալեքսանյանը: Մինչ այդ, Հայաստանը այլ երկրներից խոզի մսի ներկրում չի կատարել ու չի արտահանել: Միայն երշիկեղեն է արտահանել Վրաստան, այն էլ, ինչպես հավաստում է սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետը, մի քանի ամիս է ինչ, ոչ մի արտահանում չի կատարվել:

Հիշեցնենք, միայն, որ մարտ ամսին Ա. Ալեքսանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով թե՛ արտահանումների, թե՛ ներկրումների ծավալը կտրուկ նվազել է: Մարտի դրությամբ Հայաստանից Վրաստան է արտահանվել միայն 1 տոննա երշիկ:

Այժմ, Հայաստան շատ քիչ քանակով մթերք է ներկրվում: Ուկրաինայից և Բելառուսից ներմուծում ենք կաթի փոշի, այն էլ օգտագործվում է պաղպաղակի արտադրության համար: Բացի այդ երկիրը ներկրում է նաև ցիտրուսային, արևադարձային ու մերձարևադարձային տարբեր մրգեր: Օրինակ՝ Էկվադորից ներկրվում է ադամաթուզ, Հունաստանից ու Հարավաֆրիկյան Հանրապետությունից՝ նարինջ, Հունաստանից՝ կիտրոն, Վրաստանից, Հունաստանից ու Պարսկաստանից՝ մանդարին, Հունաստանից ու Պարսկաստանից՝ թուրինջ: Պարսկաստանից նաև Հայաստան է բերվում տարբեր մրգերի չրեղեն ու պարսկական խուրմա:

Նշենք, որ Ռուսաստանն ապրիլի 21-ից արգելել է Կոլումբիայից, Գվատեմալայից, Դոմենիկյան հանրապետությունից, Կոստա-Ռիկայից, Կուբայից, Պանամայից, Մեքսիկայից, Կանադայից ու ԱՄՆ-ի մի շարք նահանգներից խոզի մսի ու նրանից պատրաստված ցանկացած մթերքի ներկրումը:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԱԴԱՅԻՑ ԽՈԶԻ ՄԻՍ ՉԻ ՆԵՐԿՐԻ