ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՂՄԵԼ ԱՆԿՈՒՄԸ
Տնտեսություն
17:08 29/04/2009

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՂՄԵԼ ԱՆԿՈՒՄԸ

Հայաստանում ամառային տնտեսական ակտիվությունը կարող է որոշ չափով մեղմել անկումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

«Պատմությունը ցույց է տվել, որ 6.1 տոկոս տնտեսական անկումը, որը գրանցվել է 2009-ի առաջին եռամսյակի ընթացքում, դժվար է վերականգնել: Բայց կա մի գործոն, մեր ֆինանսավորման մեծ ալիքը, այդ թվում և բյուջետային, հուլիսից սկսում է մեծ ծավալներով գալ երկիր»,-ասաց նախարարը: Միաժամանակ նա ընդգծեց, որ հարկ է կենտրոնանալ տնտեսության աճի վրա, քանի որ ինչքան էլ լինի անկումը, Հայաստանի տնտեսական ակտիվությունը չի լինի ավելի վատ, քան 2007-ին էր կամ 2008-ին: Այդ առումով նախարարն ընդգծեց հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների շարունակման անհրաժեշտությունը: «Բարեփոխումներից հրաժարվելը և հարկային բեռի նվազեցումը լավ գաղափարներ չեն»,-ընդգծեց նախարարը:

Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է կանխատեսող խումբ, որը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Վերջիններիս կանխատեսումներով, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պիկը կլինի այս տարվա վերջին: Բոլոր հայտարարությունները` միլիարդներ ծախսելու և տնտեսական անկումը կանխելու վերաբերյալ, դատարկ դուրս եկան: Այսօր արդեն ակնհայտ է, որ ոչ մի երկրում, այդ թվում և զարգացած, դա չհաջողվեց:

ԱՄՀ կանխատեսումներով, այսօր արդեն զարգացած երկրներում տնտեսության անկումը կազմում է 4-5 տոկոս, զարգացող երկրներից միայն Հնդկաստանում և Չինաստանում կարող է տնտեսական աճ գրանցվի, ինչը սակայն չի կարող փոխել համաշխարհային տնտեսությունը: 2010 թվականի համար արված կանխատեսումներն արդեն դրական են:
Placeholder
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՂՄԵԼ ԱՆԿՈՒՄԸ