ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Տնտեսություն
17:30 29/04/2009

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Հանրապետությունում վերջին երեք ամիսներին գրանցվել է միգրացիայի դրական ցուցանիշ, այսինքն՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով աշխատանքի համար արտասահման մեկնողների թիվը նվազել է: Այսօր «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի հանձնաժողովի առաջին հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը: Ըստ նրա, վերջին երեք ամսում 30%-ով նվազել են նաև տրանսվերտների ծավալները: «Հիմնականում Հայաստանից մեկում են Ռուսաստանի Դաշնություն: Գիտենք, որ հանրապետությունից հիմնականում մեկնում են աշխատանքի համար, իսկ ճգնաժամը ստիպեց, որ արտահոսքը դադարի»,-ասաց Ի. Դավթյանը:

«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Գայանե Արսենյանը նշեց, որ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել հանրապետության վերադարձած մարդկանց ու կանխել քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը: «Մենք այս ծրագրով ձգտելու ենք համապարփակ փաթեթ ներկայացնել վերադարձողներին, սկսած բոլոր իրավական-սոցիալական խնդիրներից, ինչպես նաև աշխատանքի գտնելու խնդրի վերաբերյալ: Իրենց կառաջարկվեն վերապատրաստավորման, որակավորման դասընթացներ անցնել»,-ասաց Գ. Արսենյանը: Ըստ նրա, նաև նախատեսվում է փոքր բիզնես ներդնել ցանկացողներին փոքր դրամաշնորհներ առաջարկել, որոնք, նրա խոսքով, կօգնեն սեփական բիզնես հիմնել:

Հիշեցնենք, որ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծը գործում է այս տարվա փետրվարից՝ Եվրոպական հանձնաժողովի և «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է