ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ
Առողջություն
11:22 04/05/2009

ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

Խոզի գրիպն առաջացման օջախում՝ Մեքսիկայում, անցել է վարակի բռնկման գագաթնակետը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին նշել է երկրի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան: Նրա խոսքով, վարակը Մեքսիկայում 19 մարդու մահվան պատճառ է դարձել: Խոզի գրիպի ամենավտանգավոր շրջանը գրանցվել է ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում: «Էպիդեմիան անկում է ապրում»,-նշել է նախարարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Մեքսիկայի իշխանությունները չպետք է թուլացնեն ուշադրությունն ու դադարեն վարակի տարածման հետ կապված տարվող աշխատանքները: ԱՀԿ-ի հայտարարության համաձայն, ներկայում 17 տարբեր երկրներում հայտնաբերվել են խոզի գրիպով հիվանդ 787 մարդ: Իսկ վարակի մարդուց մարդ փոխանցման եղանակը հաստատվել է 6 երկրներում:

Մեքսիկայում վարակից մահացել է ավելի քան 100 մարդ, չնայած միայն 19-ի դեպքում են բժիշկները հաստատել, որ մահվան պատճառը խոզի գրիպն էր:

Նշենք, որ ԱՄՆ-ում խոսում են այն մասին, որ երկրում խոզի գրիպով վարակվածների պաշտոնական թիվը 160-ից հասել է մինչև 226-ի:
Placeholder
ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ