ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ. ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՈՉ ՄԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Առողջություն
14:52 04/05/2009

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ. ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՈՉ ՄԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Վերջին 3 օրվա ընթացքում հանրապետության Զվարթնոց օդանավակայանում խոզի գրիպի՝ H1N1 վիրուսի հայտնաբերման նպատակով շուրջ 3 000 ուղևոր է ստուգման ենթարկվել: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ համաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանը։ Նրա խոսքով, իրավիճակը վերահսկվում է ու անհանգստանալու կարիք չկա, քանի որ ոչ մեկի մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել:

Իսկ ահա Panorama.am-ի հետ զրույցում ուղևորներից մեկը հավաստիացնում էր, որ օդանավակայանում իրականացվող հսկողությունն «այնքան էլ խիստ չէ»: Բայց Գ. Սահակյանը նկատեց, որ հետազոտվում են այն երկրներից ժամանած ուղևորները, որտեղ հայտաբերված է H1N1 վիրուսը: Տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ոչ մի ուղևորի մոտ կլինիկական ախտանիշներ չեն նկատվել: «Եղել են ուղևորներ, որոնց մոտ թեթև մրսածություն է նկատվել, բայց նրանք էլ գտնվելու են մեր հսկողության տակ: Այս վարակին հատուկ է բարձր ջերմաստիճանը, ինչը, ոչ մի ուղևորի մոտ առկա չէր»,-նկատեց Գ. Սահակյանը:

Նշենք, որ հանրապետությունում ներկայում սուր շնչառական հիվանդությունների թիվը նորմայից ցածր է համարվում: Մասնագետի խոսքով, դա պայմանավորված է եղանակով. այս ամիսներին, սովորաբար, հանրապետությունում սուր շնչառական վարակները շատ չեն հանդիպում:

Հիշեցնենք, որ Մեքսիկայում վարակից մահացել է ավելի քան 100 մարդ, չնայած միայն 19-ի դեպքում են բժիշկները հաստատել, որ մահվան պատճառը խոզի գրիպն էր: Իսկ ԱՄՆ-ում խոզի գրիպով վարակվածների պաշտոնական թիվը 160-ից հասել է մինչև 226-ի:
http://www.panorama.am/am/health/2009/05/04/grip/
Placeholder
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ. ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՈՉ ՄԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ