ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԷԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՆՍԱՀԱՄԱՆԱՓԱԿ ՄԵԾ ԴԱՇՏ
Կրթություն, գիտություն
16:27 05/05/2009

ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԷԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՆՍԱՀԱՄԱՆԱՓԱԿ ՄԵԾ ԴԱՇՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական խորհուրդների ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:

Ողջունելով երիտասարդ հյուրերին` Նախագահը շեշտել է Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ուժեղ ուսանողական խորհուրդների կայացման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, ուսանողը սովորելու տարիների ընթացքում ոչ միայն պետք է քայլեր անի գիտության ու գիտելիքի աշխարհում, այլև դաստիարակվի որպես ապագայի քաղաքացի: Մեր իրականության մեջ առկա խնդիրներից առանձնացնելով հասարակության ինքնակազմակերպման մեխանիզմների անկատարությունը, ինքնակազմակերպման ավանդույթների պակասը` Նախագահը նշել է, որ սա իսկապես կարևոր ոլորտ է և կապվում է նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտության հետ: Ուժեղ ուսանողական խորհուրդների կայացումն ունի հասարակության ինքնակազմակերպումը խթանող գործառույթ: Հենց այստեղ է, որ թերևս առաջին անգամ երիտասարդները սովորում են ընդհանուր նպատակի շուրջ միավորվել, ինքնակազմակերպվել, համատեղ որոշումներ ընդունել, պայքարել սեփական շահերի համար: Սա առանձին մշակույթ է, որի արմատավորումը մեծապես կարող է նպաստել ամենատարբեր ոլորտներում հասարակության ուժերի համադրման կարողությունների զարգացմանը: Երկրի ղեկավարի խոսքով` «եթե կայանան ուժեղ ուսանողական խորհուրդներ, նշանակում է, որ վաղը հեշտությամբ կարող են կայանալ ուժեղ համատիրություններ, ուժեղ արհմիություններ, և ինչու չէ` նաև ուժեղ կուսակցություններ»:

Հիշելով հայտնի թևավոր խոսքը, թե «Ապագան երիտասարդներին է», Նախագահն ասել է. «Մենք չենք ուզում, որ այս պատկերավոր խոսքի տակ մարդիկ հասկանան, որ «ներկան երիտասարդներինը չէ»: Իհարկե, փորձը մեծ բան է, և երբեք որևէ մեկը, եթե նա խելամիտ մարդ է, փորձից չպետք է հրաժարվի: Բայց միևնույն ժամանակ, մենք պետք է նաև հասկանանք, հաշվի առնենք, որ փորձը լինում է և դրական, և բացասական: Փորձառու պաշտոնյան, անշուշտ, մեր երկրի շատ լավ, շատ օգտակար քաղաքացին է: Բայց, ցավոք, շատ պարագաներում փորձված պաշտոնյան փորձված է լինում նաև չարաշահումների մեջ: Այնպես որ, ամենից ճիշտ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք հաջողությամբ համադրել փորձն ու երիտասարդական ավյունը: Մենք պատրաստ ենք դա անել, բայց նաև պետք է տեսնենք դրան պատրաստ երիտասարդներ»:

Օրինակ բերելով շախմատից, Սերժ Սարգսյանն նշել է. «Մինչև վերջին տարիները շախմատում տոն էին տալիս հասուն տարիքի, փորձված գրոսմայստերները: Իսկ այսօր երիտասարդներն իրենց վրա են վերցրել առաջնորդի դերը: Հիմա արդեն ութ, ինը, տասը տարեկան երեխաները հաջողությամբ պայքարում են փորձառու գրոսմայստերների դեմ, աշխարհի առաջնության առաջատարները համատարած երիտասարդներ են, և սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ այսօրվա աշխարհը կարիք ունի թարմ մտքերի, կարիք ունի ոչ ստանդարտ լուծումների: և հենց այս պատճառով երիտասարդների հնարավորությունները դառնում են անսահմանափակ: Մեր երկրում էլ երիտասարդների համար կա գործելու անսահամանափակ մեծ դաշտ: Մենք կարիք ունենք նախաձեռնող պետական պաշտոնյաների, կարիք ունենք նախաձեռնող պետական շինարարությամբ զբաղվող մարդկանց, կարիք ունենք երիտասարդ նախաձեռնող գիտնականների: և այս խնդիրները դուք պետք է լուծեք: Ձեր նախորդ սերունդները պատվով են կատարել իրենց պատմական առաքելությունը. ձեր պապերի, ձեր տատերի շնորհիվ է, որ Հայաստանը դարձել է համատարած գրագիտության երկիր, որ Հայաստանում մեծ ակնածանքով են վերաբերում կրթությանը և կիրթ մարդկանց: Ձեր հայրերը, մայրերն ու քույրերը կարողացել են կառուցել, կերտել ազատ, անկախ Հայաստան, և այժմ դուք պետք է կարողանաք շարունակել այդ գործընթացը, իսկ առանց գիտելիքի, առանց ակտիվ հասարակական դիրքորոշման անհնարին է դա անել»:

Նշելով, որ երիտասարդությունը շատ խնդիրներ ունի, Նախագահ Սարգսյանը առանձնացրել է դրանցից քանիսը:
«Առաջին, երիտասարդները պետք է մշտապես զբաղվի մեր անկախ պետականության ամրապնդմամբ: Առանց ակտիվ երիտասարդության մենք չենք կարող ունենալ ուժեղ պետականություն, իսկ առանց ուժեղ պետականության անհնար է մեր երկրի զարգացումը:
Երկրորդ,երիտասարդները պարտավոր են լինել նոր գիտելիքի ստեղծողներն ու կիրառողները: Բոլոր բնագավառներում` հայագիտությունից մինչև ճշգրիտ գիտություններ, մենք երիտասարդ գիտնականների մեծ կարիք ունենք:
Երրորդ, մեր երիտասարդները պետք է լինեն ազատ երկրի ազատ քաղաքացի: Եթե մարդն ինքն իրեն ազատ չի զգում, նա չի կարող մեծ գործեր կատարել, իսկ որ մեր երկիրը մեծ գործերի կարիք ունի, որևէ մեկը սրանում չի կասկածում»:

Նախագահի խոսքից հետո շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակություն է ծավալվել ուսանողությանը հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` անդրադարձ է եղել կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացին, պետպատվեր -աշխատաշուկա հարաբերակցությանը, սոցիալական հարցերի, ասպիրանտուրայի ընդունելության և կադրերի վերարտադրման խնդիրներին, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ուսանողների խնդրանքով երկրի ղեկավարը խոսել է նաև արտաքին քաղաքական հրատապ խնդիրների մասին:
Placeholder
ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԷԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՆՍԱՀԱՄԱՆԱՓԱԿ ՄԵԾ ԴԱՇՏ