ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Կրթություն, գիտություն
14:12 14/05/2009

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական  նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը, ում բարերարությամբ կառուցվում է նոր մասնաշենքը և Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, է որ այսօր կառուցվում է գիտական խոշոր մասնաշենք-համալիրը, որն իր ներքին տարածքներով մոտ 4 անգամ գերազանցելու է հիմնական մասնաշենքին, որը կառուցվել է 50 տարի առաջ: «Հիրավի դարակազմիկ երկու իրադարձություն, դարակազմիկ ոչ միայն հայ գիտության և մշակույթի, այլ հայ կյանքի համար ընդհանրապես, քանի որ նրան են ուղղված բյուր սերունդների հայացքները, նա դարձել է մեր անցյալի ու ապագայի միահուսման, մեր լիության և հավերժության խորհրդանիշն ու առհավատչյան»,- հավելեց նա: Հ. Թամրազյանի խոսքով, սա օրինակը չունեցող զարմանալի կառույց է լինելու, որի կառուցապատման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են:

Հ. Թամրազյանի ելույթից հետո Վեհափառ Գարեգին Բ-ն օրհնեց նոր մասնաշենքը, այնուհետև մագաղաթյա թուղթը, որի վրա գրված է, թե որ օրն է կատարվում նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը` ՀՀ նախագահի, նոր մասնաշենքի ճարտարապետի և բարերար Սերգեյ Համաբարձումյանի ներկայությամբ, տեղադրվեց թղթե գլանակն արկի մեջ, իսկ Սերգեյ Համբարձումյանը այն տեղադրեց կառույցի հիմքի մեջ:

Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշեց,որ նոր մասնաշենքը 2-4 հարկանի կառույց է, որի երկու թևերը հարում են կենտրոնական ծավալին: Նրա խոսքով, կառույցի տեղադրումը տարածքում, նրա հատակագծային նկարվածքը և բարձրությունը արգելափակվում են նրա տեսանելիությունը Մաշտոցի պողոտայի կողմից, որի շնորհիվ գլխավոր մասնաշենքը շարունակում է մնալ որպես դոմինանտ:

Նա նշեց, որ Մատենադարանի բոլոր սենյակները և սրահները այժմ սեղմված են գլխավոր մասնաշենքում, որի շնորհիվ ցուցասրահների մակերեսները խիստ սահմանափակ են: Իսկ շինարարության ավարտից հետո բոլոր սենյակները և սրահները կտեղափոխվեն նոր հարմարավետ ու տեխնոլոգիապես կատարյալ տարածքներ, որի շնորհիվ գլխավոր մասնաշենքի ցուցասրահների մակերեսը կքառապատկվի: Ա. Մեսչյանը նշեց, որ նոր մասնաշենքի շինարարությունը կավարտվի 2012 թվականին:

Նշենք, որ նոր մասանշենքի նախագծման ժամանակ առանձին ուշադրության են ներկայացվել գրապահոցի, ձեռագրատան և արխիվի անհրաժեշտ պայմանների և անվտանգության հատուկ ռեժիմի ապահովումը:
Placeholder
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ