ՎԱՐԱԿԸ ՀԱՍԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ` ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ
Առողջություն
12:30 16/05/2009

ՎԱՐԱԿԸ ՀԱՍԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ` ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

A/H1N1 վարակի (նախկինում` խոզի գրիպ) առաջին դեպքն է գրանցվել Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում: Այդ մասին հաղորդել է NTV հեռուստաընկերությունը: Ըստ տեղեկության, վիրուսը հայտնաբերվել է մի զբոսաշրջիկի մոտ, ով ԱՄՆ-ից ուղևորվել է Ստամբուլ:

Որքանո՞վ է հավանական վիրուսի ներթափանցումը Հայաստան, երբ արդեն այդ վարակը գրանցվել է հարևան երկրի տարածքում հարցին, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը պատասխանեց, որ ամենևին էլ վտանգավոր չէ: Նրա խոսքերով, իր աշխատանքային փորձի ընթացքում երբևէ չի եղել վիրուսի ներթափանցման դեպք Թուրքիայից: «Մեզ համար վտանգավորը կլինի այն ժամանակ, երբ նման դեպք գրանցվի Ռուսաստանում, քանի որ շփումն այդ երկրի հետ շատ է», - հավելեց ինֆեկցիոնիստը:

Դիտարկմանը, թե Հայաստանից Թուրքիա էլ առևտրականներ են գնում գալիս, Ասոյանը պատասխանեց. «Դրանք չնչին տոկոս են կազմում»: Նա վստահեցրեց, որ պետք չէ մտավախություն ունենալ, որ գրիպը կներթափանցի նաև Հայաստան: «Պետք է թեթև վերաբերվել դրան, մտահոգվելու կարիք չկա»,- ասաց Ասոյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուրբաթ հայտարարել է, որ մայիսի 15-ի դրությամբ աշխարհի 34 երկրում արձանագրվել է այդ գրիպով հիվանդացության 7 520 դեպք:
Placeholder
ՎԱՐԱԿԸ ՀԱՍԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ` ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ