Վ. ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՈՐՈՇ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տնտեսություն
12:51 18/05/2009

Վ. ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՈՐՈՇ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ամեն մարդ պետք է ապրի իր ձևով: Պատվով գործ է աշխատելը: Ավելի լավ է պատվով աշխատես, քան թե անպատիվ աշխատես»,- այսօրվա ասուլիսում ասաց հայտնի գործարար, բարերար Վահագն Հովնանյանը` ավելացնելով, որ այս դեպքում կարևոր չէ, թե որտեղ են աշխատում` Ռուսաստանում, Թուրքիայում, Ամերիկայում, թե Ֆրանսիայում: Այսպես նա պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում գործարարը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ Հայաստանում աշխատանք չունենալու պատճառով Թուրքիայում այսօր աշխատում է 40 հազար հայ: «Քանի որ պատվով են աշխատում, բրավո իրենց»,- ասաց Հովնանյանը, ով 1997-ից սկսած գործունեություն է ծավալում ազատ, անկախ Հայաստանում:

Գործարարը կարծիք հայտնեց նաև հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Այս հարցում, ըստ Հովնանյանի, պետք է շատ զգույշ լինել, քանի որ լավ ճանաչում ենք մեր հարևանին: Բայց շատ կարևոր է ազատություն ունենալը, երկրաշարժի ժամանակ ամեն պատուհանից պետք է կարողանալ դուրս գալ: «Ես շատ սիրեցի առանց նախապայմաններով ճանապարհը բացելու գաղափարը, բայց կարծես սկսել են փոխել այդ դիրքորոշումը»,- ասաց գործարարը` հռետորական հարց հնչեցնելով, թե ինչու՞ այդքան մեծ երկիրը պետք է վախենա ու նախապայամաններ դնի, երբ դրա իրավունքը մեզ է պատկանում, «ահավոր չարչարած են մեզի 100 տարի առաջ, մենք երբեք չպիտի մոռանանք»:

Վ. Հովնանյանի խոսքերով, որքան շուտ ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը, այնքան դա ձեռնտու կլինի Թուրքիային, քանի որ հայկական սփյուռքը գնալով ծաղկում է ու հարստանում, իսկ մեր երիտասարդությունը երբեք չի մոռանալու Հայոց Ցեղասպանությունը:

Սահմանի բացման հետ կապված Հովնանյանը որոշ մտահոգություններ ունի: Հայաստանը դեռ արտադրություն չի սովորել, իսկ Թուրքիան էլ ներմուծման համար բոլոր շուկաները գնել է: Սահմանը բացվելուց հետո, գործարարի կարծիքով, «մեր երկիրը կլցնեն իրենց ապրանքներով թե' օրինական, թե' անօրինական ձևով», իսկ հավասարակշռություն ապահովելը շատ դժվար կլինի:

Հովնանյանին առավել մտահոգության տեղիք է տվել հողային տարածքների վերդարձման-չվերադարձման հարցը: «Այդ վախը կա մեջս, ու ինչ էլ որ լինի, քոնթրոլը պետք է լինի»,- ասաց գործարարը` նշելով, որ ադրբեջանցիներից հազիվ ենք ետ վերցրել մեր հողերը և չլինի, որ հանկարծ կրկին զրկվենք դրանցից:

Հարցին, թե որպես գործարար Հովնանյանը չի՞ պատրաստվում բիզնես ծավալել Թուրքիայում, բանախոսը պատասխանեց` ոչ, քանի որ Հայաստանում էլ ահռելի գործ կա: Ի դեպ, գործարարը չի ընդունել մի շարք երկրներից ստացած նման առաջարկները:
Placeholder
Վ. ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՈՐՈՇ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ