ՆԱԽԱՐԱՐ. ԹՈՒՐՔԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԲԱԺՆԵՏԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
Տնտեսություն
19:07 20/05/2009

ՆԱԽԱՐԱՐ. ԹՈՒՐՔԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԲԱԺՆԵՏԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ

«Մենք որևէ նշանակություն չենք տալու, թե ով կդառնա նոր ատոմակայանի բաժնետերը: Ատոմակայանը պետք է շահագործվի հայկական օրենքներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններով: Դա կլինի թուրքական, թե կլինի ռուսական, որևիցե նշանակություն չունի»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նախարարին հարց ուղղողը ԱԺ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանն էր, որն իր հարցում մտահոգություն հայտնեց, թե, հնարավոր է, Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում մասնակցություն ունենա նաև թուրքական կողմը:

Նախարար Մովսիսյանը վստահեցրեց, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման շինարարական աշխատանքները վերահսկելու համար հայտարարված մրցույթում հաղթել է ավստրալիական Worley Parsons ընկերության ամերիկյան ծագում ունեցող դուստր ընկերությունը: Ըստ Մովսիսյանի, նախագծային աշխատանքներից մինչև շինարարության վերահսկողությունը, սարքավորումների հանգույցների վերահսկողությունը, շահագործման բոլոր փաստաթղթերի ձևակերպումը, ապագա աշխատանաքային անձնակազմի ուսուցման ծրագրի մշակումը, ուսուցման կազմակերպումը և կայանի հանձնումը պետք է իրականացնի այս ընկերությունը:

«Մենք մտավախություն ունենք, որ քաղաքական որոշումները ազդեն մասնագիտական գործողությունների վրա և, տվյալ պարագայում, զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով, որոշ չափով դիմենք անթույլատրելի գործողությունների: Փաստորեն ստացվում է` թուրքական ընկերությունները կարող են մասնակցել ատոմակայանի շինարարությանը», - պարզաբանման համար իրեն ընձեռված ժամանակում ելույթ ունեցավ դաշնակցական Նռանյանը:

«Ոչ, դուք պետք է տարբերեք, որ շինարարությունն ուրիշ գործընթաց է, իսկ բաժնետեր լինելը` ուրիշ: Բաժնետեր կարող են լինել, բայց թուրքական որևէ շինարարական ընկերություն այսօր չունի նման լիցենզիա, որպեսզի կարողանա ատոմային կայան կառուցել»,- ի պատասխան հայտարարեց նախարարը:
Placeholder
ՆԱԽԱՐԱՐ. ԹՈՒՐՔԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԲԱԺՆԵՏԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ