ԱՇՈՏՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Կրթություն, գիտություն
15:05 20/05/2009

ԱՇՈՏՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդօսթեանի հետ: Ողջունելով հյուրին հայրենիքում` նախարարն անդրադարձ է կատարել Սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին, այդ թվում` սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության տրամադրում, համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացում, ինչպես նաև սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհերում: Այս մասին հայտնեցին ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանում տարեցտարի սփյուռքահայ ուսանողների թվի ավելացումն ապացույց է, որ իրականացվող կրթական ծրագրերը լավագույնս ծառայում են իրենց նպատակին: Անդրադառնալով Հայկազյան համալսարանին` նախարարը նշել է, որ տպավորված է ուսումնական հաստատության բարձր վարկանիշով, և դրա վառ ապացուցը կրթօջախի 55-ամյա գործունեությունն է: Փոլ Հայդօսթեանը շեշտել է, որ սփյուռքահայ կրթօջախները պետք է գտնեն համագործակցության այն եզրերը, որոնք թույլ կտան ավելի գործնական կապեր հաստատել ՀՀ բուհերի հետ:

Նախարար Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ սփյուռքահայ գաղթօջախների բոլոր խնդիրները միշտ եղել են պետական կառույցների ուշադրության կենտրոնում, և հայագիտությունը թիվ մեկ հարթակն է գիտակրթական համագործակցության զարգացման: Նախարարը կոչ է արել սփյուռքահայ կրթօջախներին, ի դեմս Հայկազյան համալսարանի, սերտ կապեր հաստատել նաև Արցախի պետական համալսարանի հետ, որը համահայկական կրթական ցանցի կարևորագույն հանգույցներից է: Ուսումնական հաստատությունների միջև նման համագործակցությունը միջազգային գործընկերության տեսակետից առավել գնահատելի կլինի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել նախարարության և սփյուռքահայ տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հանդիպումները:
Placeholder