Ա ԳՐԻՊԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄՈՒՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԻ
Առողջություն
10:34 21/05/2009

Ա ԳՐԻՊԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄՈՒՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԻ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի, որ Ա գրիպը (խոզի գրիպ) հնարավոր է մուտացիայի ենթարկվի, սակայն գրիպի վտանգի աստիճանը չի հասցնում առավելագույնի` 6-րդի: 

Ինչպես տեղեկացնում է «AP» լրատվական գործակալությունը` հղում անելով  ԱՀԿ ղեկավար Մարգարետ Չանին, բոլոր պատճառները կան հաստատելու, որ դրությունը կարող է նման ոչ նպաստավոր սցենարով ընթանալ: Մասնագետները չեն բացառում, որ հիվանդությունը մարդկությանը մի փոքրի դադարի հնարավորություն է տվել, բայց և մտավախություն են հայտնում, որ դա կարող է լռություն լինել փոթորկից առաջ:

Վտանգ կա, որ վարակը` (H1N1) կարող է միանալ այլ վարակների հետ ու վերածվել ինֆեկցիայի ավելի վտանգավոր տեսակի: ԱՀԿ-ի ղեկավարը որպես օրինակ նշել է, որ Ա գրիպը կարող է միանալ թռչնագրիպի վարակին:

Նշենք, որ Ժնևի ժողովին մասնակցող 193 երկրների առողջապահության նախարարներն ու փորձագետներն իրենց ելույթներում հատկանշել են, որ աշխարհում խոզի գրիպով հիվանդների թիվը շարունակում է աճել:

Հիշեցնենք, որ Հունաստանում արդեն հաստատվել է Ա գրիպով վարակի առաջին դեպքը: ԱՄՆ-ից վերադարձած վարակված ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց: Վարակի հիմնական օջախը, դեռևս համարվում են ԱՄՆ-ն ու Մեքսիկան: Հիվանդությունից մահացածների թիվը հասել է 76-ի:
Placeholder
Ա ԳՐԻՊԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄՈՒՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԻ