JETHRO TULL-Ը ԳԵՐԵԼ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ…ՄԱՐԴԻԿ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԷԻՆ
Մշակույթ
12:34 23/05/2009

JETHRO TULL-Ը ԳԵՐԵԼ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ…ՄԱՐԴԻԿ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԷԻՆ

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տոն էր. այնտեղ էր հավաքվել մայրաքաղաքի այն զանգվածը, ովքեր սիրում են ռոք երաժշտություն: Բացառիկ հնարավորություն կար ըմբոշխնելու բրիտանական Jethro Tull ռոք խմբի հրաշալի կատարումները: «Մենք հուզված ենք, քանի որ չգիտենք թե ինչպիսին է լինելու հայ հանդիսատեսը»,- համերգից առաջ տված ասուլիսում ասել էին խմբի անդամները: Բայց նրանց հաջողվեց բավարարել խստապահանջ հայ հանդիսատեսին` ներկայացնելով հիմնականում 50-60-ական թվականների իրենց հանճարեղ կատարումները:

Իսկ խստապահանջ հանդիսատեսը արձագանքում էր խմբի մենակատար, ֆլեյտահար Յան Անդերսոնին` երգելով, ծափահարությամբ ու տեղ-տեղ սուլելով: Ռոքի սիրահարները Jethro Tull-ին ունկնդրելիս պարում էին համարձակ շարժումներով: Ավելին, մոլի երկրպագուներից մեկը, մոտեցավ բեմին և անվտանգության աշխատակիցներից թաքուն, ճարպկորեն բարձրացավ բեմ ու…. հասցրեց համբուրել Յան Անդերսոնի ոտքը: Նրան մեկուսացրին:

Համերգին, թեպետ ուշացումով, եկան նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկա էին նաև կրթության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը, ով ռոք երաժշտության մեծ սիրահար է ու հարուստ հավաքածու ունի, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, լրագրողներ, արվեստագետներ:

Համերգի վերջում Jethro Tull-ականները կատարեցին իրենց հայտնի «Aqua lung»-ը` էլ ավելի ոգևորելով հայ հանդիսատեսին այնքան, որ վերջիններս համերգի ավարտին անվերջ ծափահարություններով էլի պահանջեցին: Խմբի անդամները ստիպված, ծափահարությունների ներքո վերադարձան բեմ ու մի վերջին կատարմամբ համերգն ավարտվեց:

Հ. Գ. Մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ, ներքևում, Jethro Tull-ի սիրահարներին սպասում էին Թեղուտի անտառների պաշտպանության խմբի ակտիվիստները, որոնք մարդկանց խնդրում էին իրենց ստորագրություններով միանալ իրենց ու փրկել Թեղուտի անտառը կործանումից:
Placeholder
JETHRO TULL-Ը ԳԵՐԵԼ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ…ՄԱՐԴԻԿ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԷԻՆ