Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում H1N1 վիրուսի՝ խոզի գրիպի, ոչ մի դեպք չի գրանցվել, իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով, այն, որ վարակն արդեն Ռուսաստանում է, ավելորդ անհանգստության պատճառ չպետք է դառնա: Ա. Վանյանի հավաստմամբ, տարբերություն չկա, դեպքերը եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում են գրանցված. միևնույն է՝ բոլոր երկրներից էլ Հայաստան ելումուտ լինում է: «Մեզ մոտ մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Մենք ինչպես միշտ, ուժեղացված վերահսկողություն ենք իրականացնում: Կատարում ենք նախատեսված բոլոր միջոցառումները, ոչ միայն օդանավակայանում, այլև՝ բոլոր սահմանային անցակետերում: Եթե նկատում ենք, վերջերս, հիմնականում, գրանցվում է հիվանդության թույլ տեսակը»,-ասաց Ա. Վանյանը:
Պետական հիգենիկ հակահամաճարակային տեսչության պետի հավաստմամբ, հարկավոր չէ խուճապի մատնվել, քանի որ գրանցված մահվան դեպքերն այնքան էլ շատ չեն: Նա նկատում է, որ երբեմն սովորական, սեզոնային գրիպից մահացություններն ավելի շատ են գրանցվում:
Ա. Վանյանի խոսքով, Հայաստանում այժմ դեղորայքի անհրաժեշտ պաշար կա: «Վերջերս ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն է տրամադրել 5 200 անձի համար նախատեսված ավելի քան 50 հազար կապսուլա, որով հնարավոր կլինի պայքարել հիվանդության դեմ»:
Բացի այդ, նա նշեց, որ լաբորատորիաները հագեցած են թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան թեստերով, այնպես որ, հիվանդության առաջին իսկ ախտանիշերի դեպքում, հնարավոր կլինի հստակ պարզել հիվանդի մոտ H1N1 է, թե՝ ոչ:
Նշենք, որ տեսչության պետի հավաստմամբ, տարբեր երկրներում վերջին ժամանակահատվածում գրանցված հիվանդության դեպքերը, հիմնականում մահվան ելքով չեն ավարտվում: Նա դեռևս վաղ համարեց խոսել այդ մասին, սկայն չբացառեց, որ այսպիսի տեմպերի դեպքում, հնարավոր է, հիվանդությունն անկում է ապրում: