«ՍԹԱՐ»-Ի ՄԻՋՈՑՈՎ  2 899 030 ԴՐԱՄ` ԼԵՅԿԻՄԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Առողջություն
17:14 05/06/2009

«ՍԹԱՐ»-Ի ՄԻՋՈՑՈՎ 2 899 030 ԴՐԱՄ` ԼԵՅԿԻՄԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

«ՍԹԱՐ»-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը «Լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդ»-ի համար հավաքագրված 2 899 030 դրամն այսօր հանձնեց Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին:

«ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցը գումարը հավաքագրել էր «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի շրջանակներում, որի արդյունքներն ամփոփել էին երեկ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ, որի նպատակն էր ֆինանսական միջոցներ հայթայթել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդ»-ի համար, որը հիմնվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա (ՀՀ Առողջապահության Նախարարություն):

Ընկերության Կենտրոնական գրասենյակի աշխատակիցների կողմից` ֆոնդի ներկայացուցչի խոսքով, բացվել են կապարակնքված արկղերը, որտեղ գտնվում էին «Սթար» սուպերմարկետների ցանցի հաճախորդների կատարած նվիրատվությունները: Հաշվարկների արդյունքում հավաքվել էր 984 030 դրամ գումար: Դեռևս ակցիայի անցկացման սկզբնական շրջանում ՍԹԱՐ-ի անձնակազմի կողմից նվիրաբերվել էր 210 000 դրամ, իսկ համաձայն ՍԹԱՐ-ի ղեկավարության խոստմանը` կրկնապատկվել է հաճախորդների և աշխատակիցների կողմից հավաքված գումարը:

Արդյունքում կազմակերպությունը տրամադրում է ֆոնդին 1 200 000 դրամ: Բացի այդ, ընկերությունը առաջարկել էր իր գործընկերներին և մատակարարներին միանալ ակցիային, որի արդյունքում հավաքվել էր 505 000 դրամ: Ակցիային մասնակցել են հետևյալ կազմակերպությունները` Արզնու տոհմային ԹՏԽ, Մինի Բասկոնիա, Միհրե, Սելենա Սերվիս, Գինապ, Մեդիագրուպ, ԹելՍել:

Նշենք, որ Ֆոնդին աջակցությունն իրականացվում է «Սթար» սուպերմարկետի բարեգործական և սոցիալական քաղաքականության շրջանակներում:

Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ շատ ուրախալի և շատ ոգևորիչ է «ՍԹԱՐ»-ի օգնությունը լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդին: «Այս ֆոնդին առաջինը օգնել է ՍԹԱՐ սուպերմարկետի տնօրենը և կարծում եմ, որ դա նախադեպ կլինի մյուս բարերաների համար»,- հավելեց նա: Նրա խոսքով, նվիրաբերված միջոցներն նախատեսվում են օգտագործել արտերկրյա բարձրակարգ մասնագետներին հրավիրելու, սարքավորումներ ձեռք բերելու և վերանորոգման հարցերը լուծելու համար:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Նունե Փաշինյանը նշեց, որ ճիշտ է պետությունը հոգում է լեյկիմիայով հիվանդ երեխաների բուժման ծախսերը, սակայն գաղտնիք չէ, որ բուժումը շատ երկարատև է և շատ ծախսատար, ուստի այս երեխաների ծնողների ուսերի վրա ընկած բեռը այնքան մեծ է, որ նրանք իսկապես հասարակության աջակցման կարիքն ունեն: Նա ողջունեց այս նախաձեռնությունը և կոչ արեց բոլոր գործարարներին միանալ այս նախաձեռնությանը:

«ՍԹԱՐ»-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը նշեց, որ շատ ուրախ է, որ մասնակցում և աջակցություն են ցուցաբերում այս նախաձեռնությանը: «Մենք ցանակացանք աջակցել այս ֆոնդին, քանի որ գիտենք, թե ինչ տանջանքներ են տանում լեյկիմիայով հիվանդ երեխաները և նրանց ծնողները: Այս ակցիայի միջոցով մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին, որ մարդիկ ոչ միայն մտածեն իրենց հանապազօրյա հացի մասին, այլև օգնեն հասարակությանը առողջ ապրել»,- հավելեց նա: «ՍԹԱՐ»-ի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ այս ակցիան կրելու է շարունակական բնույթ:

Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը «ՍԹԱՐ»-ի տնօրեն Վահան Քերոբյանին հանձնեց «Լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդի բերեկամ» հավաստագիրը:
Placeholder
«ՍԹԱՐ»-Ի ՄԻՋՈՑՈՎ 2 899 030 ԴՐԱՄ` ԼԵՅԿԻՄԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ