Յ. ԲԱՇՄԵՏ. ԵԹԵ ԱՐԹՆԱՑՆԵՆՔ, ՀԱՄԵՐԳ ՉԻ ԼԻՆԻ
Մշակույթ
16:00 06/06/2009

Յ. ԲԱՇՄԵՏ. ԵԹԵ ԱՐԹՆԱՑՆԵՆՔ, ՀԱՄԵՐԳ ՉԻ ԼԻՆԻ

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու աշխարհահռչակ ալտահար ու դիրիժոր, Գրեմմի մրցանակակիր Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի բացառիկ համերգը: Այս մասին ասուլիսում հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Թեև Յ. Բաշմետն անձամբ պետք է ներկա լիներ ասուլիսին, սակայն նա գիշերն է ժամանել Երևան ու դեռ քնած էր: Ինչպես ասաց փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը, նա խոսք էր տվել ներկա գտնվել, բայց միաժամանակ զգուշացրել էր. «Եթե արթնացնենք, համերգ չի լինի»:

Համերգային ծրագիրը բաղկացած է լինելու դասական ստեղծագործություններից՝ Գրիգ, Բախ, Բրուխ և Չայկովսկի:

Յուրի Բաշմետը Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Նա մի շարք հեղինակավոր մրցանակների ու կոչումների դափնեկիր է, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նվագել է աշխարհի ամենանշանավոր նվագախմբերի հետ ամենահայտնի դահլիճներում, հիմա էլ մասնակցում է մի քանի երկրներում անցկացվող երաժշտական փառատոների և մրցույթների կազմակերպմանը:

Նշենք, որ նա Հայաստանում եղել է չորս տարի առաջ՝ կրկին փառատոնի հրավերով:

Placeholder
Յ. ԲԱՇՄԵՏ. ԵԹԵ ԱՐԹՆԱՑՆԵՆՔ, ՀԱՄԵՐԳ ՉԻ ԼԻՆԻ