ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ԱՄԵՆ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ ԵՎ ՔՆՆԱՐԿԵՆ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԵՐԸ
Տնտեսություն
13:32 09/06/2009

ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ԱՄԵՆ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ ԵՎ ՔՆՆԱՐԿԵՆ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԵՐԸ

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի և «Օրանժ Արմենիա»-ի տնօրեն Բրունո Դութուայի հետ պայմանավորվածություն կա ամեն շաբաթվա աշխատանքային վերջին օրը հանդիպել և քննարկել կատարած աշխատանքների, առաջած խնդիրների մասին: Այս մասին տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տեղեկացրել է այսօր նախարարությունում հյուրընկալված ֆրանսիական «Օրանժ» ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին և նույն ընկերության ֆինանսական և ռազմավարության գծով փոխնախագահ Բերտրան դե Բուշեին:

«Կարծում եմ անմիջական շփման այս ձևը արդյունավետ աշխատանքների իրականացման համար բավականին նպատաստավոր պայմաններ է ստեղծում, և քանի որ հասարակությունն անհամբեր սպասում է ձեր ընկերության աշխատանքների մեկնարկին, ուստի կարծում եմ, որ անհաժեշտ է էլ ավելի հրապարակային աշխատել», - նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ նշել է նախարարը:

Գ.Սարգսյանը նաև ասել է, որ «Օրանժ Արմենիա»-ն իր գործունեությունն արդեն վեց ամիս է սկսել Հայաստանում և հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ այն լիովին կսկսի գործել: Նախարար Գ.Սարգսյանը հյուրին տեղեկացրել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անում է ընկերության լիարժեք գործունեությունը բնականոն հունով առաջ տանելու համար:

Օլաֆ Սուանտին շնորհակալություն հայտնելով նախարարության և ընկերության միջև սերտ համագործակցության համար, հավելել է, որ որոշ խնդիրների լուծման համար շատ կարևոր է տրանսպորտի և կապի նախարարության աջակցությունը: Օ.Սուանտին նշել է, որ մեծ հնարավորություն կա ընկերության արժեքները Հայաստան բերելու և հաջողակ բիզնես սկսելու համար: Նա հայտնեց, որ «Օրանժ Արմենիա»-ի նպատակն է Հայաստանում ձեռք բերել առաջատարի, նորարարի և ամենասիրվածը լինելու համբավ: Այդ նպատակին հասնելու համար միայն այս տարի նախատեսվում է ներդնել 80 մլն եվրո, իսկ ընդհանուր առմամբ բացել 400 աշխատատեղ:

Օ. Սուանտին հավաստիացրել է, որ այս տարվա վերջին եռամսյակում “Օրանժ Արմենիան” կսկսի մատուցել ինտերնետային և բջջային կապի ծառայություններ:

Հանդիպման վերջում նախարար Գ.Սարգսյանը հավաստիացրել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունն ամեն ինչ կանի դաշտում հավասար մրցակցություն ապահովելու համար:
Placeholder
ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ԱՄԵՆ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ ԵՎ ՔՆՆԱՐԿԵՆ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԵՐԸ