ՇՈՒՐՋ 30 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ԿԻՆՈՇՈՒԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Մշակույթ
14:39 10/06/2009

ՇՈՒՐՋ 30 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ԿԻՆՈՇՈՒԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը վերադարձել է Կաննի կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկայից, որն անցկացվել էր մայիսի 12-22-ը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն այսօրվա ասուլիսում կինոշուկային Հայաստանի մասնակցությունը դրական գնահատեց:
Ըստ նրա, այս տարի Հայաստանի համար կինոյի բնագավառում հաջողության տարի է: Գ. Գևորգյանի խոսքով, քանի որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում Կաննի փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային, ներկայացել էր փոքր տաղավարով: Մասնակիցները մեծ ակնկալիք չեն ունեցել կինոշուկայից: Պատճառը, կինոկենտրոնի տնօրենի խոսքով, բնական էր. արտասահմանում հայկական կինոշուկային «լավ» ծանոթ չեն: Բայց, հայկական տաղավարը, նրա հավաստմամբ, միշտ մարդաշատ է եղել:

Կինոշուկային հայկական պատվիրակությունը ներկայացել է 2006 թվականից կինոկենտրոնի կողմից արտադրված շուրջ 30 անուն գեղարվեստական ու կարճամետրաժ, անիմացիոն և դոկումենտալ ֆիլմերով: «Բացի ֆիլմերից մենք ներկայացրել էին նաև անավարտ ֆիլմերի ծրագրերի ամփոփ փաթեթներ, որտեղ ներկայացվում է՝ ինչ տեսակ ֆիլմ է, ինչպիսի մասնակցություն է հարկավոր: Այդպիսով, մենք այնպես էին արել, որ այն պրոդյուսերները կամ ընկերությունները, որոնք հետաքրքրություն կունենան որևէ պրոեկտի նկատմամբ, արդեն հանրավորություն ունենային ծանոթանալ ամբողջական փաթեթի հետ»,-ասաց Գ. Գևորգյանը: Նրա հավաստմամբ, անավարտ ֆիլմերի պրոեկտները նույնպես մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Կինոշուկայի արդյունքում դեռևս, ինչպես վստահեցնում է Գ. Գևորգյանը, ոչ մի ֆիլմ չի վաճառվել, բայց շատ առաջարկներ են եղել: Ըստ նրա, «ֆիլմ վաճառելու» գործընթացը հեշտ չէ. նախ որևէ ֆիլմով հետաքրքրվող պրոդյուսերը կամ ընկերությունը ծանոթանում է ֆիլմը ներկայացնող փաթեթին, դիտում DVD տարբերակը, ապա որոշում՝ աշխատե՞լ տվյալ երկրի ներկայացուցչի հետ, թե՞՝ ոչ:

Նշենք, որ կինոշուկային մասնակցության արդյունքում տարբեր երկրների հետ ձեռք են բերվել շուրջ 30 պայմանավորվածություններ, փառատոնների հրավերներ:
Placeholder
ՇՈՒՐՋ 30 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ԿԻՆՈՇՈՒԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ