ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
Կրթություն, գիտություն
12:41 10/06/2009

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Այսօր մեկնարկեց Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ խորհրդաժողովը: Այն անցկացվում է «Աջակցություն Եվրոպական Հարևանության Ծրագրի երկրներում մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության բարեփոխումներին» նախագծի շրջանակներում:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի աշխատանքային խումբը ստեղծվել է 2007 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ `համապատասխան նախարարությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից: Խումբը վերլուծել է իրավիճակը Հայաստանում և 2007 թվականին Դանիա կատարած ուսումնական այցի ընթացքում ուսումնասիրել այդ երկրի սոցիալական երկխոսության մոդելը, որն այսօր կներկայացվի խորհրդաժողովի անդամներին:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը նշեց, որ կրթության և աշխատաշուկայի միջև երկխոսությունը կարևոր է Հայաստանի համար: Նրա խոսքով, մենք ունենք լավ որակավորմամբ աշխատողների աճող պահանջարկ տնտեսության նոր զարգացող հատվածներում, և մեզ անհրաժեշտ է հնարավորինս արագ ապահովել աշխատաշուկայի կարիքները: Նրա վստահեցմամբ, Հայաստանում մենք կարող են բարելավել իրավիճակը միայն բոլոր կողմերի միջև բաց ու ակտիվ երկխոսության միջոցով:

Նրա խոսքով, կրթական բարեփոխումները գերակայություն են Հայաստանում և ՀՀ կառավարությունն այժմ նոր կարևոր քայլեր է ձեռնարկում կրթությունը գործարարության բազմաթիվ հատվածներում որակյալ աշխատողների նկատմամբ պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Ա. Ավետիսյանը նշեց, որ հետևելով սոցիալական երկխոսության միջազգային մոտեցումներին և մոդելներին` Կրթության և գիտության նախարարությունը ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է մի ծրագիր, որի նպատակն է բարելավել երկխոսությունը կրթության և աշխատաշուկայի միջև:

Նրա տեղեկացմամբ, երկու տարվա պլանավորումից հետո Հայաստանի բոլոր ուսումնարաններում և քոլեջներում ներդրվել է եռակողմ սոցիալական երկխոսության մի նոր մոդել`համախմբելով մասնագիտական կրթությունը և ուսուցում իրականացնողներին և գործատուների ու արհմիությունների ներկայացուցիչների: Ծրագրի մեկնարկը պետական մակարդակով մեկնարկեց այսօր սեմինարի ժամանակ:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամ Ուֆե Յանսենը նշեց, որ հուսով է, որ այն խորհրդատվությունը, որ տրվում է Դանիայի կողմից մասնագիտական կրթության զարգացման համար կկարողանա հանգեցնել ցանկալի հաղթանակի: Նա հույս հայտնեց, որ մեր երկրին ԵՄ-ի կողմից իրականցվող այս ծրագրերի կարևորության ընկալումը այնքան հզոր պետք է լինի, որ ծրագրի ավարտից հետո պետությունը կարողանա շարունակականությունը ապահովել մեր կողմից սկսած ծրագրերին:

Նշենք, որ սեմինարը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Գլոբար զարգացումներ» հիմնադրամի կողմից`ԵՄ Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ