ՀԲ-Ն «ԵՐԿՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ 670-700 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Տնտեսություն
13:57 12/06/2009

ՀԲ-Ն «ԵՐԿՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ 670-700 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն այսօր քննարկել է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարությունը» (ԵԳՌ), որում ներկայացվում են 2009-2012 թվականներին Հայաստանին Համաշխարհային բանկի աջակցությունը ղեկավարող սկզբունքների շրջանակները: Այս մասին հայտնեցին ՀԲ երևանյան գրասենյակից:

Ռազմավարությունը, որ մշակվել է այնպիսի ժամանակահատվածում, երբ Հայաստանը ցնցվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամից, նախատեսում է օգնել Հայաստանին վերականգնել տնտեսության աճը և մեղմել անապահով խավի վրա ճգնաժամի ազդեցությունը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանին առավել մրցունակ տնտեսություն զարգացնել` վերջինիս համար առանցքային նախապայման հանդիսացող դիվերսիֆիկացման և կայուն տնտեսական աճի ապահովման միջոցով:

Ռազմավարությունն արտացոլում է Հայաստանի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) փոխառություններ կատարելու իրավունքի վաստակումը` շնորհիվ վերջին տասը տարիների ընթացքում աղքատությունը հիսուն տոկոսով կրճատելու Հայաստանի ունեցած հաջողության: Ռազմավարությունն ընդգրկում է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)` Համաշխարհային բանկի խմբի մասնավոր ընկերություններին վարկավորող, մասնավոր հատվածի թևի, գործառնությունները: Բացի վարկավորման գործառնություններից, Համաշխարհային բանկը նաև մի շարք վերլուծական և խորհրդատվական ծառայություններ կմատուցի` ի սատարումն Հայաստանի զարգացման օրակարգի:

ՀԲ փորձագետներն այն կարծիքին են, որ Հայաստանը մեծապես շահել է համաշխարհային առևտրի և ներդրումների համար բաց լինելու շնորհիվ, և երկրի ապագան սերտորեն կապված է համաշխարհային տնտեսությունում առավել լավ ինտեգրման հետ: Սակայն երկիրը բախվել է իր արտահանման նկատմամբ պահանջարկի շեշտակի անկման, մետաղների գների սրընթաց նվազման և դրամական փոխանցումների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման իրավիճակին: Այս ամենը հանգեցրել է 2009 թվականին տնտեսական լուրջ անկմանը, ավելի ցածր հարկաբյուջետային եկամուտների և գործազրկության ու աղքատության ավելացմանը:

«Համաշխարհային դժվար միջավայրում Հայաստանի առջև միաժամանակ ծառացել են անապահովների վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և արագ վերականգման ու կայուն հետճգնաժամային աճի համար հիմք ստեղծելու հիմնախնդիրները»,- ասել է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջային տնօրենը: «Այս գործում հաջողության հասնելու համար Հայաստանին օգնելու նպատակով` Համաշխարհային բանկն իր ջանքերը մեծացնում է ինչպես լրացուցիչ ֆինանսավորման, այնպես էլ ինտնեսիվ երկխոսության միջոցով: Արագացված ընթացակարգերով հաստատված ՄԶԸ երեք ծրագրերը, որ Հայաստանում վերջերս են մեկնարկել, նախապատրաստվեցին կարճ ժամկետներում և արդեն տեղերում աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն են տվել»:

Ռազմավարության շրջանակում Համաշխարհային բանկի խումբը 670-700 միլիոն դոլար գումարով ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին, որից` 150 միլիոն դոլարը կլինի ՄԶԸ-ի ցածր տոկոսադրույքով վարկեր, 395 միլիոն դոլարը` ՎԶՄԲ-ի վարկավորում և մոտավորապես 120-160 միլիոն դոլարը` ՄՖԿ-ի միջոցով կուղղվի մասնավոր հատվածին:
Placeholder
ՀԲ-Ն «ԵՐԿՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ 670-700 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ