ԱՄԵՆԱԹԱՆԿԻ ՀԱՄԱՐ` ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ
Կրթություն, գիտություն
13:11 15/06/2009

ԱՄԵՆԱԹԱՆԿԻ ՀԱՄԱՐ` ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ

Կրթական համակարգում իրականացվող փոփոխությունների բարեհաջող ընթացքի համար, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, շատ կարևոր է, որ համակարգում բարեփոխումներ իրականացնող մարդիկ լինեն նոր չափանիշներին, նոր որակական խնդիրներին համապատասխան:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվող ավագ դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներին նվիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նախարարn ասաց, թե` մանկավարժների, մասնավորապես հանրակրթական, ավագ դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման ծրագիրը հանրակրթական դպրոցների կայացման հարցում դիտվում է որպես «անկյունաքարային կարևորության միջոցառում»:

«Մեր վաստակաշատ մանկավարժների առջև նոր որակի, նոր ծրագրային մոտեցումներ, նոր մեթոդաբանություն է դրվելու: Բայց սա այն ամենն է, որը թույլ է տալիս մեզ հուսալ, որ ավագ դպրոցների համակարգը կայանալու է»,-ասաց Ա. Աշոտյանը:

Նախարարի խոսքով, ավագ դպրոցների ցանկում ընդգրկված 36 դպրոցները մեկ քայլ առաջ կանեն հանրակրթության որակը բարձրացնելու համար, իսկ մանկավարժները, Աշոտյանի հավաստմամբ` «ամենամեծ և ամենաթանկ մարդկային գործոնն են, որոնց վերապատրաստման համար գումարներ են ծախսվում»:

Հաջորդ տարիների համար, Ա. Աշոտյանի խոսքով, արդեն մնում է մտածել վերապատրաստման որակի վերահսկողության նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ, քանի որ վերահսկողության նոր մեխանիզմները հնարավորություն կտան գնահատել կատարված աշխատանքի արդյունավետությունը: Նշենք, որ հանրակրթական և ավագ դպրոցների կայացման գործում ամենալավ գնահատականը, ըստ նախարարի, «նոր տիպի»՝ «գիտելիքով լեցուն» աշակերտների կայացումն է:
Placeholder
ԱՄԵՆԱԹԱՆԿԻ ՀԱՄԱՐ` ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ