ԼՂՀ ԳԻՇԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Կրթություն, գիտություն
11:47 15/06/2009

ԼՂՀ ԳԻՇԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ԼՂՀ կառավարության և «Վարդանյանների ընտանիքի» հիմնադրամի հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում սկսել է նոր դպրոցի կառուցման աշխատանքները: Արդեն շինհրապարակ է տեղափոխվել շինարարության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան. սկսվել են հողային աշխատանքները: Այս մասին հայտնեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Նոր դպրոցն ավելի ընդարձակ կլինի. այն նախագծված է 300 աշակերտի համար: 12 դասասենյակից բացի նախատեսված են հատուկ դասասենյակներ քիմիա, ֆիզիկա, բուսաբանություն և ինֆորմատիկա առարկաների համար: Դպրոցը կունենա փակ մարզադահլիճ, գրադարան, բուժկետ, հանդիսությունների դահլիճ և 140 հոգու համար նախատեսված ճաշարան:

«Հիմնադրամի իրականացրած բազմատեսակ ծրագրերի շարքում դժվարանում եմ առանձնացնել ամենակարևորները, սակայն ուզում եմ նշել, որ դպրոցաշինական ծրագրերին վերաբերվում ենք առանձնակի պատասխանատվությամբ», - ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Գործող դպրոցի մասնաշենքերը` կառուցված 1930 և 1968թթ-ին, վաղուց վթարային վիճակում են: Համայնքի ղեկավար Գևորգ Բալայանը հավատում է, որ գյուղում նոր ու ժամանակակից դպրոցը կխթանի ուսման և դասավանդման գործընթացը:
Placeholder
ԼՂՀ ԳԻՇԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ