Ա ԳՐԻՊ.  ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԿՎԵԼ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Առողջություն
11:21 17/06/2009

Ա ԳՐԻՊ. ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԿՎԵԼ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հոնկոնգի կառավարությունը կքննարկի Ա գրիպի պատճառով բոլոր ավագ դպրոցների փակման հարցը, եթե աշակերտների մոտ կրկին Ա գրիպի դեպքեր հայտնաբերվեն: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, տեղեկացրել է Հոնկոնգի ռադիոկայաններից մեկը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Այսպիսի հայտարարություն առողջապահության նախարարությունն արել է այն բանից հետո, երբ հիվանդության հայտնաբերման պատճառով կարանտին է հայտարարվել երրորդ ավագ դպրոցում:

Ներկայում ամբողջ քաղաքում հայտաբերվել է հիվանդության 118 դեպք:

Հունիսի 11-ից, կառավարության որոշմամբ, Հոնկոնգի կրտսեր և միջին դպրոցներում, մանկապարտեզներում երկշաբաթյա կարանտին է հայտարարվել, ինչի արդյունքում դրանք փակվել են: Բացի այդ, դադարեցվել է մանկական խմբակների, սպորտային դասընթացների ու դպրոցից դուրս գործող բոլոր խմբակների գործունեությունը:

Իսկ ավագ դպրոցներին հանձնարարվել էր քննական շրջանը սկսել նախատեսված ժամկետից շուտ, որպեսզի պատրաստ լինեին հանկարծակի փակմանն ու վաղաժամ արձակուրդին: Նշենք, որ Հոնկոնգի տարբեր դպրոցներում ամառային արձակուրդը սկսվում է հունիսի վերջից մինչև հուլիսի կեսերն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է A/H1N1 վիրուսի դեմ պայքարի մակարդակը` հինգերորդից հասցնելով վեցերորդ` ամենավերին մակարդակին: Աշխարհում այժմ Ա գրիպի համաճարակ է հայտարարված:
Placeholder
Ա ԳՐԻՊ. ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԿՎԵԼ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ