«ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ` ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Կրթություն, գիտություն
17:40 23/06/2009

«ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ` ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  «Ռուսաց լեզու» միասնական քննության ընթացակարգին ծանոթանալու համար այսօր այցելեց Արարատի մարզի Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված քննական կենտրոն:

Նա շրջանավարտներին հաջողություն մաղթեց, ապա ծնողների ու լրագրողների ներկայությամբ բացվեցին թեստերը, և քննությունը մեկնարկեց ճիշտ ժամանակին։

Ա. Աշոտյանը լրագրողների հետ զրույցում, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց միասնական և ավարտական քննությունները։

«Ողջ ընթացքում մենք հետևողական ենք եղել սահմանված ընթացակարգերի պահպանման գործում և արձագանքել ենք ինչպես ծնողների հետ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերին, այնպես էլ լրատվամիջոցների հրապարակումներին։

Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝  հատուկ ուշադրություն ենք դարձրել մարզերում ընթացող քննություններին` այցելել ենք 5 մարզ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքերով, քննությունները լարված գործընթաց են թե՛ հասարակության, թե՛ կրթական գերատեսչության համար. «Մենք ևս օր օրի սպասում են դրանց ավարտին»,-հավելեց նա:

Ա. Աշոտյանը նշեց, որ ԿԳ նախարարությունը քննություններ կազմակերպող կառույց չէ։

«Մենք բազմաթիվ այլ խնդիրներ ունենք, որոնց լուծմանը պետք է ձեռնամուխ լինենք անմիջապես քննաշրջանի ավարտից հետո»,- վստահեցրեց նախարարը։

Ի պատասխան լրագրողի հարցին` կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ցավոք, մեր հասարակությունը զերծ չէ նման երևույթներից ու կրթական համակարգը չի կարող օազիս լինել։ Իհարկե, ես չեմ կիսում նաև այն կարծիքը, որ առողջապահության և կրթության ոլորտներն են լոկոմոտիվը, բայց չեմ կարող նաև լիովին բացառել նման խնդիրների առկայությունը։ Միանշանակ է, որ մենք պայքարում ենք դրանց դեմ՝  հնարավորինս բացառելու նպատակով»։

Placeholder
«ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ` ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»