ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ… ԽՈՑԵԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական
15:45 23/06/2009

ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ… ԽՈՑԵԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մենք պետք է նախապատրաստվենք հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ դա վաղ թե ուշ լինելու է: Սահմանի վերաբացումը տնտեսական արդյունավետության կտրուկ աճի հնարավորություն է ընձեռելու: Դա միանշանակ է: Մեր տնտեսական աճի համար առաջին նախապայմանը ազատ շուկան է: Սահմանի բացման դեպքում, ամենամինիմալն եմ ասում, մեր ապրանքների 20 տոկոս ինքնարժեքի իջեցում է լինելու: Այն ծառայությունները, որ ստանում ենք այժմ, շատ բարձր են»,-ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով ներկա էր ՀՅԴ բյուրոյի կողմից պատրաստած Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների վերաբեյալ քննարկմանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի կատարած ուսումնասիրության ու դրա հիման վրա պատրաստած փաստաթղթի նպատակն է բացահայտել ու որակել հայ-թուրքական սահմանի վերաբերյալ առևտրատնտեսական հիմնախնդիրները և սահմանել դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշման նախընտրելի ուղիները:

Ըստ Վ. Այվազյանի, չնայած նրան, որ սահմանի բացումը կունենա դրական ազդեցություն, կունենա նաև ռիսկային կողմեր. «Ռիսկեր էլ կունենա: Իհարկե: Աշխատում ենք, ոչ թե սպասում ենք, որ ամեն ինչ բերեն մեզ տան»:

Տնտեսագետն ասաց, որ Հայաստանի թե գործադիր, թե օրենսդիր մարմինները, թե տնտեսավորողները, բնականաբար, պետք է դիրքավորվեն` թե լավ, թե վատ առումով, որպեզի երկիրը կարողանա մրցունակ լինի: Նա ընդգծեց, որ հարկավոր է իմանալ Հայաստանի` այսօրվա ունեցած ռեալ հնարավարությունները:

Ի դեպ, նա դրական գնահատեց ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությունը, այն որակելով «ուսանելի»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նմանատիպ քննարկումը ևս դրական գնահատեց ու նշեց, որ կառավարությունը պետք է այն ընդունի ի գիտություն և համապատասխան աշխատանքներ տանի:
Ըստ նրա, Հայաստանն այսօր խնդիրներ ունի հարկային և մաքսային ոլորտներում` նկատի ունենալով կոռուպցիայի մակարդակը, սակայն նույնիսկ իդեալական օրենքների դեպքում էլ, ինչպես նկատեց պատգամավորը, դժվար է լինելու տնտեսությունը պաշտպանել մեծածավալ հարձակումից: Նրա համոզմամբ` տեղական արտադրությունը մեծ վնասներ է կրելու:

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ կարծում, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսությունն էլ ավելի խոցելի է դարձնելու:
Placeholder
ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ… ԽՈՑԵԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ