ԻՆՉՊԵՍ ԲԱՇԽԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԸ
Տնտեսություն
15:14 26/06/2009

ԻՆՉՊԵՍ ԲԱՇԽԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԸ

Այսօրվա արտագնա նիստում ընդունված որոշմամբ կառավարությունը հաստատել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ, ֆինանսավորման ձևը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետևյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով ասել է, որ օրը նշանակալի է ոչ միայն կառավարության նիստը Սյունիքի մարզում անցկացնելու և տեղի հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու, այլև երկրի տնտեսության տարբեր ոլորտներին մեծ գումարներ հատկացնելու իրողությամբ: Նա հավելել է, որ ահա այժմ էլ 90 մլրդ դրամ է բաշխվում` մեղմելու ճգնաժամի բացասական հետևանքները: «Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, և այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ ևս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան` աղետի գոտուն, բայց եկող տարվա համար: Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,- եզրափակել է վարչապետը:

ՀԴՄ կիրառման հսկողությունն ուժեղացնելու համար նիստում գործադիրն ընդունել է երկու որոշում: Դրանցից մեկով լրացումներ են կատարվել կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է ՀՀ վարչապետի 2009թ. փետրվարի 2-ի «Գործունեության առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու մասին» որոշմամբ: Նույն պատճառաբանությամբ լրացումներ են կատարվել կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման մեջ:



Placeholder
ԻՆՉՊԵՍ ԲԱՇԽԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԸ