ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԵՐԿԻՐ Է ԵՎ ԱՅԴՊԻՍԻՆ ԵՂԵԼ Է»
Կրթություն, գիտություն
17:17 02/07/2009

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԵՐԿԻՐ Է ԵՎ ԱՅԴՊԻՍԻՆ ԵՂԵԼ Է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում 2008-2009 ուսումնական տրավա 31 մեդալակիր շրջանավարտների, ինչպես նաև «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցութի հաղթողների և մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած երեխաների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց նրանց հուզող բոլոր հարցերին:

Երեխաներից մեկի հարցին, թե հնարավոր է, որ շախմատը որպես դպրոցական առարկա դասավանդվի, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դա հեշտ գործ չէ, քանի որ պետք են ուսուցիչներ, ծրագրեր, բայց այդ ուղղությամբ արդեն քայլեր արվում են` այս տարվանից կարող են լինել արտադասարանական պարապմունքներ, որոնք հետո կներառվեն դպրոցական ծրագրերում:

Մրցանակակիրներին հետաքրքրում էր, թե ինչ պետք է անել, որ դպրոցներն ավելի մեծ թվով մեդալակիր շրջանավարտներ տան: Նախագահն ասել է, որ դա կախված է առաջին հերթին աշակերտների ցանկությունից և ունակություններից, բայց նաև հանգամանքից, թե պետությունը որքանով կարող է կազմակերպել երեխաների ունակությունների բացահայտումը, ինչպես կարող է նպաստել մանկավարժների, գիտնականների որակավորման մակարդակի բարձրացմանը և ինչքանով կարող է ի ցույց դնել գիտելիք ունեցող մարդու առավելությունները մեր հասարակությունում:
Հարցին, թե Նախագահը ճիշտ է համարում վաղ տարիքից որևէ կուսակցության անդամագրվելը և քաղաքականությամբ զբաղվելը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է լինել ակտիվ, ծանոթ լինել գաղափարախոսությունների, ծրագրերի եւ ընտրություն կատարել դրանց միջև: Սակայն դա չի նշանակում, թե պետք է անպայման որեւէ կուսակցության անդամագրվել: Ասելով, թե քաղաքական գործընթացներում ներգրավվածության չափը ամեն ոք ինքն է իր նախասիրություններից ելնելով որոշում` Սերժ Սարգսյանը նկատել է, որ կուսակցական լինելն ամեն դեպքում չպետք է լինի ձևական, դիտարկվի որպես պաշտոն ստանալու, հասարակությունում ավելի տեսանելի դառնալու հնարավորություն:
Արմավիրի մարզի մրցանակակրին հետաքրքրում էր նախագահի վերաբերմունքն այն փաստին, որ մարզերը զարգացման աստիճանով հետ են մնում մայրաքաղաքից: Սերժ Սարգսյանը նկատել է, որ դեռևս խորհրդային տարիներին Երևանը զարգանում էր և հիմա էլ զարգանում է շատ ավելի արագ տեմպերով, քան մարզերը, և առաջիկայում էլ այդ միտումը կպահպանվի: Նախագահն ասել է, որ չնայած դրան, կառավարությունը մշակում և իրականացնում է ծրագրեր մարզերին զարգացման ավելի մեծ հնարավորություն ընձեռելու և առկա անհամաչափությունը մեղմելու համար:
Բարձր դասարանի մրցանակակիր տղաները հարցրել են նախագահի կարծիքը տասնութ տարեկանում` ուսումն ընդմիջելու և պարտադիր զինծառայություն անցնելու խնդրի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ իր համոզմամբ, յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր ավանդը բերի հայրենքի պաշտպանության սուրբ գործին` անկախ գիտելիքների քանակից: «Եթե որոշ երիտասարդների համար հայրենասիրությունը զինծառայությունից խուսափելով գիտելիք ստանալն է, եթե որոշների համար հայրենասիրությունը օտարների մոտ պարծենալն է, թե ինչպես հայկական բանակը կարողացավ պաշտպանել մեր սահմանները, ապա ես այդ կարծիքին չեմ: Մենք փոքր պետություն ենք, բայց ստիպված ենք մեծ բանակ պահելու: Այդ մեծ բանակը պահանջում է ոչ միայն մեծ միջոցներ, այլև մեծ թվով ունակ մարդիկ»: Սերժ Սարգսյանի խոսքով` նրանք, ովքեր իրոք ուզում են ուսում ստանալ, գիտությամբ զբաղվել, դա կարող են անել նաեւ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո: նախագահն այս առումով նկատել է, որ աշխարհահռչակ գիտնականների մեծ մասը զինծառայություն է անցել և դա չի խոչընդոտել ծառայությունից հետո գիտությամբ զբաղվելու նրանց մտադրությունը:

Սերժ Սարգսյանն նշել է, որ ասվածը չի նշանակում, թե անմիջապես օրենք է ընդունվելու տասնութ տարեկանից զորակոչելու մասին: Նախագահը որպես տարբերակ նշել է պետպատվերի համակարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Որ ուսման ու գիտության քողի տակ զինծառայությունից խուսափելու պրակտիկա կա, Սերժ Սարգսյանը փաստարկել է նաև նրանով, որ ասպիրանտուրայում գրեթե առանց բացառության տղաներ են սովորում:
Կրտսեր դասարանների մրցանակակիրները հետաքրքրվել են, թե գերզբաղ նախագահը երբ է հանգստանում, ժամանակ գտնում ընտանիքի հետ անցկացնելու համար, ինչպես է տնօրինում ազատ ժամանակը: Սերժ Սարգսյանն ասել է, որ հանգստի համար ժամանակ թեկուզ կարճ, բայց միշտ գտնում է, իսկ կիրակի օրերը եւ աշխատանքային օրերի երեկոներն անցկացնում է ընտանիքի հետ, ազատ ժամերին կարդում է, շախմատ է խաղում, երաժշտություն լսում, հեռուստացույց դիտում, զբոսնում:

Սյունիքի մարզի մրցանակակիր դպրոցականն էլ ուզում էր իմանալ, թե նախագահը դպրոցական տարիքում երբևէ պատկերացրել է, որ Հայաստանն ու Արցախը կարող են անկախ պետություններ լինել, ասելով, թե անձամբ չի պատկերացնում, թե ինչպիսին է լինելու Հայաստանը, երբ ինքը հասնի Նախագահի տարիքին:
«Ես, ինչպես և տասնյակ հազարավոր մարդիկ չէինք պատկերացնում, որ լինելու է անկախ Հայաստան, անկախ Արցախ: Բայց երազում էինք այդ մասին: Հայաստանը լավ երկիր է և այդպիսին եղել է: Բայց երբ դու լինես իմ տարիքին, այն լինելու է շատ-շատ ավելի լավ, քան հիմա: Հիմնականում արդեն լուծած են լինելու բոլոր այն խնդիրները, որ այսօր կան: Քսան-երեսուն տարի հետո Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին դուք ցանկանում եք, որ այն լինի, և այդ գործում հենց ձեզանից, ձեր սերնդից շատ բան է կախված»,-ասաց նա:




Placeholder
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԵՐԿԻՐ Է ԵՎ ԱՅԴՊԻՍԻՆ ԵՂԵԼ Է»