ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆԵՂԱՑԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ
Մշակույթ
10:34 10/07/2009

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆԵՂԱՑԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը նեղացել է լրագրողներից, ովքեր նրան թոշակի են ուղարկել: Բանն այն է, որ օրերս լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, որ Ազնավուրը պատրաստվում է հուլիսի 21-ին հրաժեշտի համերգով հանդես գալ Թունիսում: «Ինձ համար երջանկություն է ավարտել կարիերաս Կարթագենում, որը խորհրդանշում է քաղաքակրթություն, պատմություն, հավերժություն», - «Assabah» թերթին իբրև թե տված հարցազրույցում իբրև թե ասել է Ազնավուրը:

«Ես կտրականապես հերքում եմ այդ տեղեկությունը, դա բացարձակ սուտ է», -հայտարարել է Ազնավուրը, վկայակոչելով Gala-ին, տեղեկացնում է «Վզգլյադ»-ը:

«Ես Թունիսի համերգի մասին հարցազրույց չեմ ունեցել որևէ լրագրողի հետ, դա ապատեղեկատվություն է, որն ինձ խիստ վրդովեցրել է: Անթույլատրելի է արտիստի անունից հարցազրույց հրապարակել, այն դեպքում, երբ այդ հարցազրույցը չի եղել», -ասել է Ազնավուրը:

Նաև հավելել է. «Եթե նրանք ուզում էին քննադատել ինձ կամ արատավորել իմ բարի համբավը, դա պետք էր անել այլ կերպ, բայց ոչ թե ստել»:

Այժմ Ազնավուրը աշխարհում հանդես է գալիս համերգներով: Լիբանանում կայանալիք համերգից հետո, նա համերգ կտա Թունիսում, այնուհետև կվերադառնա Ֆրանսիա, որտեղ էլ օգոստոսի 8-ին կրկին համերգ կունենա: Դրանից հետո էլ նա համերգներ կունենա Հարավային Ամերիկայում: Նոյեմբերի 30-ին Ազնավուրը կթողարկի նոր ալբոմ` ջազային նվագախմբի հետ միասին ձայնագրած:

«Ինչպես տեսնում եք հրաժեշտ տալը բավականին շուտ է, դեռ շատ աշխատանքներ կան», -ասել է հայազգի մեծանուն շանսոնիեն:
Placeholder
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆԵՂԱՑԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ