«ՄԱՐԳԱՐԵԹ ՄԻԴ» ԿԻՆՈ ԵՎ ՎԻԴԵՈ ՓԱՌԱՏՈՆԸ` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Մշակույթ
12:31 11/07/2009

«ՄԱՐԳԱՐԵԹ ՄԻԴ» ԿԻՆՈ ԵՎ ՎԻԴԵՈ ՓԱՌԱՏՈՆԸ` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Այս տարի Նյու Յորքի «Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնը ներկայացված է «Ոսկե Ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի ցանկում: Ծրագրում ներառված են «Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնի տարբեր տարիների մրցանակակիր, ինչպես նաև միջինասիական և հայկական ֆիլմեր: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում` տեղական ֆիլմարտադրողների շրջանակներում զարգացնել վավերագրական ֆիլմերի այս կինոփառատոնը, ներկայացնել հայկական և տարածաշրջանային վավերագրական ֆիլմերը Մարգարեթ Միդի ընտրված ֆիլմերի հետ և խրախուսել փոխանակմանը:

Ֆիլմերը կներկայացնի Նյու Յորքի Ազգային Պատմության Ամերիկյան Թանգարանում Մարգարետ Միդ Կինո և Վիդեո Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արիելլա Բեն-Դովը:

Ծրագիրը, բացի Երևանից, ցուցադրվելու է նաև շրջաններում` Գյումրիում և Կապանում:
Ծրագիրը իրականացվում է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի «Արվեստ և մշակույթ» ցանցային ծրագրի աջակցությամբ:

Նշենք, որ Նյու Յորքի «Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնը արտասահմանյան վավերագրական ֆիլմերի ամենածավալուն և առաջնակարգ ամենամյա ցուցադրությունն է Միացյալ Նահանգներում: Փառատոնը հիմնադրվել է ազգային պատմության ամերիկյան թանգարանի կողմից` առաջատար մարդաբան Մարգարեթ Միդի ծննդյան 75-ամյակի և թանգարանում նրա գործունեության 50-ամյակի պատվին: Ամեն տարի փառատոնը ներկայացնում է աշխատանքների լայն ընտրանի թե´ ձևի, թե´ նյութի առումով: Փառատոնն աչքի է ընկնում ֆիլմերի գերազանց ընտրությամբ, որտեղ շոշափվում են բազմազան ու հրատապ թեմաներ, և ներկայացվում է խնդիրների ու հեռանկարների լայն շարք: Փառատոնի ծրագրավորողները խիստ ընտրություն են կատարում` հաշվի առնելով թե հայտերի որակը, թե ռեգիոնալ և թեմատիկ բազմազանությունը:
Placeholder
«ՄԱՐԳԱՐԵԹ ՄԻԴ» ԿԻՆՈ ԵՎ ՎԻԴԵՈ ՓԱՌԱՏՈՆԸ` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ