ԿԳ ՆԱԽԱՐԱՐ.«ՔՆՆԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼ»
Կրթություն, գիտություն
13:52 14/07/2009

ԿԳ ՆԱԽԱՐԱՐ.«ՔՆՆԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼ»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում «Ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննության ընթացակարգին ծանոթանալուց հետո զրուցեց լրագրողների հետ:

Նա նշեց, որ այս պահին կարող է փաստել, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլը նույնպես հաջողությամբ է ավարտվում: «Նշում եմ հաջողությամբ, որովհետև, մտավախություններ կային, թե կարող են լինել միավորների ժայթքում կամ թեստերի արտահոսքեր, նման փաստեր չեն գրանցվել»,-ասաց նախարարը և ավելացրեց, որ լրացուցիչ փուլի միավորներն ավելի ցածր են եղել, քան հիմնական քննություններինը: Իսկ այն մտավախությունները, թե լրացուցիչ փուլին մասնակցում են «հատուկ» դիմորդներ, նախարարը հերքեց:

Ա. Աշոտյանն ասաց, որ շատ են քննություններից բացակաների թիվը, նախարարի կարծիքով, դիմորդները մտափոխվում են:
Նրա խոսքով, առաջիկայում մնացել է մեկ`հունիսի 16-ի ռուսաց լեզվի լրացուցիչ միասնական քննությունը, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 40 դիմորդ: «Այս քննության ավարտից հետո կարող ենք ասել, որ լրացուցիչ քննությունների էջը շրջում ենք և քննական մարաթոնը թևակոխում է վերջին փուլ` բանավոր քննություններ, որից հետո կամփոփվեն գնահատականները, իսկ օգոստոսի 1-ին գնահատականները ցուցակները կփակցվեն քննական կենտրոններում», -ասաց նախարարը:

ԿԳ նախարար Ա. Աշոտյանն անդրադառնալով հաջորդ տարվա ծրագրերին նշեց, որ հաջորդ տարի նախարարությունն ապահովելու է համապատասխան տեղեկատվական աջակցությունը ողջ տարվա ընթացքում, որպեսզի դիմորդը և ծնողը քննական համակարգին տեղեկացված լինեն ոչ թե քննությունների նախաշեմին, այլ ողջ տարվա ընթացքում:

Նա խոսելով բողոքներից, նշեց, որ փորձել է մոտավոր մոնիթորինգ անել և պարզել է, որ հիմնականում բողոքները թեստերի բովանդակությանն են առնչվել, մասնավորապես, հայոց լեզվի թեստերին: «Գործընթացն իսկապես փոփոխման կարիք ունի, և մենք փորձելու ենք մեր հետևություններն անել հաջորդ տարվա համար»,- վստահեցրեց ԿԳ նախարարը: Վերջում նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ատեստատների հանձնման գործընթացը երկարաձգվել է մինչև հուլիսի 23-ը:
Placeholder
ԿԳ ՆԱԽԱՐԱՐ.«ՔՆՆԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼ»