«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒ ԹՈՒՐՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԵՆՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՏՐԵԼ»
Տնտեսություն
14:12 23/07/2009

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒ ԹՈՒՐՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԵՆՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՏՐԵԼ»

Համակարգչահենների վերջին հարձակումը հայկական կայքէջերի վրա, որ իրականացվել էր անցյալ շաբաթվա ընթացքում, ադրբեջանցի կամ թուրք համակարգչահենների կողմից չեն իրականացվել: Այսօր այս մասին ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Այս հարձակման աղմկահարույց պահն այն է եղել, որ հարձակման է ենթարկվել կառավարության պաշտոնական կայքը: Ես կարող եմ սխալվել, բայց ըստ իս, հարձակումն իրականացրել են աշխարհում այն հակերային խմբերը, որոնք պարզապես, կամ իրենց ուժերն են փորձում, կամ ուզում են իրենց կոլեկցիայի մեջ ունենալ Հայաստանի կառավարության կայքը, որպես կոտրված կայք»,-ասաց Ս. Մարտիրոսյանը:

Իր այս համոզմունքը փորձագետը նրանով է բացատրում, որ Հայաստանի կառավարության կայքը կոտրելու հնարավորություն ունենալն ու «լուրջ» փոփոխություններ չանելը արբեջանցիների ձեռագիրը չէ: Իսկ կառավարության կայքի վրա հարձակումից անմիջապես հաջորդ օրը լրատվական կայքէջերի վրա կատարած հարձակումը, փորձագետն, ամենայն հավանականությամբ նշում է, որ մեր հարևանների «ձեռքի գործն է», չնայած նրան, որ հակերները ներկայացել են որպես արաբական հակերներ: Ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ այդպիսի հարձակումներ անընդհատ լինելու են ու հետզհետե շատանալու են: Նա չբացառեց, որ ադրբեջանական հատուկ գործակալություններն արդեն հակերային խմբերն օգտագործում են իրենց կառավարման տակ: Իսկ դա, փորձագետի խոսքով, լուրջ վտանգ է, քանի որ Հայաստանն էլ հետզհետե տեղեկատվական տեխնոլոգիաներից կախվածության տակ է հայտնվում, իսկ կառավարության կայքը, Ս. Մարտիրոսյանի խոսքով, ամենախոցելի տեղերից չէ: 

Ասուլիսին ներկա «Արմինկո» ինտերնետ հասանելիության ծառայությունների ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սահյանը դժվարացավ նշել, թե կայքերը կոտրողներն ինչ խումբ են, բայց նշեց, որ նրանց մասին հայտնի տեղեկությունների համաձայն, նրանք մեծ քանակի հաղթանակներ են ունեցել: Նա ևս նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հետզհետե կատարելագործվում են, ու որքան  պաշտպանական միջոցները զարգանում են, այնքան էլ՝ հարձակման միջոցներն են կատարելագործվում: «Բարեբախտաբար, մենք ժամանակին կանխեցինք զանգվածային գրոհը: Հիմնական գործողություններն ուղղված էին գաղտնաբառերի փոփոխման պարզաբանելուն: Այսօրվա տեխնոլոգիաներով օգտագործում են բառարաններ ու դրանցով հերթով փոխում են տարբեր անուններ»,-նշեց Գ. Սահյանը:

Գաղտնաբառերը հեշտ չգուշակելու համար մասնագետն առաջարկեց օգտագործել երկար գաղտնաբառեր՝ մոտ տասը նիշանոց: Բայց նա նկատեց, որ եթե այսօրվա մարտահրավերներին լուրջ վերաբերմունք ցուցաբերվեր, ապա նման իրավիճակ չէր ստեղծվի: Նա նշեց, որ առ այսօր հանրապետությունում նման զանգվածային գրոհ չէր գրանցվել: Ըստ այդմ, նշենք, որ հանրապետության ղեկավարությունն այժմ մշակում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, որն ընդգրկում է մի քանի ճյուղեր, մասնավորապես, տեխնիկական անվտանգության հետ կապված հարցերը:
Placeholder
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒ ԹՈՒՐՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԵՆՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՏՐԵԼ»