ԱԼՄԱՍՏԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԿՈՆՑԵՌՆԻ ԵԿԱՄՈՒՏԸ ՆՎԱԶԵԼ Է 100 ԱՆԳԱՄ
Տնտեսություն
18:26 24/07/2009

ԱԼՄԱՍՏԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԿՈՆՑԵՌՆԻ ԵԿԱՄՈՒՏԸ ՆՎԱԶԵԼ Է 100 ԱՆԳԱՄ

Աշխարհում ալմաստի խոշորագույն արտադրող De Beers ընկերության եկամուտը առաջին եռամսյակում կազմել է 3 մլն դոլար, ինչը 100 անգամ փոքր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Միաժամանակ, ըստ «Բլումբերգ»-ի, ընկերության անմշակ ալմաստի վաճառքը կրճատվել է 57 տոկոսով` հասնելով 1.4 մլն դոլարի: Վաճառքի ծավալների նվազումը վերջին 35 տարիների ընթացքում ամենանշանակալին է:

Ընկերության կորուստները բացատրվում են գլոբալ վարկային ճգնաժամով, որը աշխարհի շատ երկրներում ստիպել է կտրուկ կրճատել շքեղ զարդերի գործածումը: Ընկերությունը հույս ունի, որ առաջիկա տարիներին զարդեղենի պահանջարկի աճը կպահպանվի Չինաստանում ու Հնդկաստանում: Եթե այժմ այդ երկու երկրներին բաժին է ընկնում միջազգային շուկայի 1/5-ը, ապա հինգ տարի անց այդ ցուցանիշը կհասնի 1/3-ի:

De Beers ընկերությունը արդյունահանում է անմշակ ալմաստի 40 տոկոսը: Ընկերության հիմնական բաժնետերն է Anglo American բրիտանական միավորումը: Դրան է պատկանում բաժնետոմսերի 45 տոկոսը:

Ալմաստ արտադրող «ԱԼՌՈՍԱ» ռուսաստանյան խոշոր ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում կրել է 1.969 մլրդ ռուբլու վնաս: Որպեսզի պաշտպանի անմշակ ալմաստի գներն անկումից, ընկերությունը ստիպված է եղել դուրս գալ ալմաստի միջազգային շուկայից և ողջ արդյունահանված հումքը հանձնել Գոհրանին:
Placeholder
ԱԼՄԱՍՏԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԿՈՆՑԵՌՆԻ ԵԿԱՄՈՒՏԸ ՆՎԱԶԵԼ Է 100 ԱՆԳԱՄ