ԳՈՀԱՐԸ` ՍԻՐԻԱՅՈՒՄ
Մշակույթ
10:35 24/07/2009

ԳՈՀԱՐԸ` ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հազար ու մեկ խորհրդավոր գիշերներին ավելացավ ևս մեկը` ողողված հայկական տաք գույներով: ԳՈՀԱՐ-ի համերգը, հազարավոր ներկաներից մեկի` Սիրիայի փոխնախագահի խոսքով, աննախադեպ էր ու դժվար է ասել, թե Դամասկոսում երբ ևս մեկ անգամ կլինի երգի նման տոն:

Մայրաքաղաքից հետո բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը գրավեցին Հալեպի բերդը, որի բարձունքը սասանել էին Տիգրան Մեծի զինվորները: Ծովիծ Ծով Հայաստանի տեսլականը վերականգնվել էր երգի միջոցով, իսկ բոլոր ժամանակների հայկական իրադարձությունները միահյուսվել էին Կիլիկիայի հայկական թագավորության դրոշակների առաջացրած քամու ու հայ երգի հնչյունների շնորհիվ:ԳՈՀԱՐ-ը Հայաստանի ամենաերիտասարդ կենսագրություն, սակայն ամենահարուստ պատմություն ունեցող երաժշտախումբն է և այդ հարստության մաս են կազմում տարբեր երկրներում ԳՈՀԱՐ-ի համերգային հրավառությունները ու երգացանկը, որ բացառապես կազմված է հայկական անաղարտ երգերից: ԳՈՀԱՐ-ի համերգների ընթացքում միահյուսվում են երգը, պարը, մնջախաղն ու նրանց միասնականությունը ապահովում է ինքնատիպ բեմականացումը:

Երգերից մեկի` Ջութակի հեղինակը մաեստրո Սեպուհ Աբգարյանն է, ով Կիպրոսից տեղափոխվել է Գյումրի ու ԳՈՀԱՐ-ի հետ միասն լծվել է աշխարհով մեկ հայ երգի տարածման գործին: Իսկ համերգային աշխարհագրությունն արդեն լայնատարած է`Լիբանան, Կիպրոս, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Կանադա և հիմա էլ` Սիրիա: ԳՈՀԱՐ-ի համերգների ժամանակ ամեն ինչ` նույնիսկ հայկական այբուբենի լուսային արտացոլումն է միտված երեկոների խորհրդավորությունն ու հայկականությունն ապահովելու համար: Ինչպես ԳՈՀԱՐ-ի բոլոր համերգներին` Դամասկոսում և Հալեպում նույնպես բեմի տրամադրությունը փոխանցվել էր ներկաներին:Կիլիկիայի խոնարհված դրոշները բարձրացրել էին ներկաների տրամադրությունն ու սփյուռքահայի պահանջատեր ոգին: Բեմում ու դահլիճում միավորվել էին երգն ու պարը, իսկ բեմից դուրս` համերգի կազմակերպման տեխնիկական ինտերնացիոնալ անձնակազմը. միասին աշխատում էին հայը, արաբը, գերմանացին ու անգլիացին:

Համերգի հեռուստատեսային տաբերակի ռեժիսոր Ռասսել Թոմասը վերջին անգամ աշխատել է բրիտանական U2 խմբի, իսկ հնչյունային անձնակազմը` հույն հայտնի երգիչ Յանիի համերգների կազմակերպման ուղղությամբ: Նրանք ԳՈՀԱՐ-ի համերգներից հետո աշխատելու են որակով և բովանդակությամբ աննախադեպ խտատեսասկավառակի(DVD-ի) պատրաստման ուղղությամբ, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայության համար հանդիսանալու է հայ երգի ու տառի պահպանման կոչնակ: Հայ երգի հանդեպ սրտացավ ու հոգատար վերաբերմումքը լիբանանահայ Խաչատուրյան ընտանիքի հավատամքն է դարձել,ինչն անձնվեր գործ է նաև գյումրեցի հարյուրավոր երաժիշտների նկատմամբ` նրանց հնարավորություն տալով զբաղվել սիրած գործով:

ԳՈՀԱՐ-ը արվեստների մեկենաս Հարութ Խաչատուրյանի մտահղացումն ու իրագործումն է, ով 1997 թվականին` ԳՈՀԱՐ-ի հիմնադրումից հետո շարունակում է նյութապես ու բարոյապես թիկունք կանգնել խմբի բոլոր գործողություններին` ի հիշատակ իր հոր` Արամ Խաչատուրյանի և ի հարգանք մոր` Գոհար Խաչատուրյանի: ԳՈՀԱՐ-ը աշխարհով մեկ հպարտությամբ ծածանում է 11-ից 14-րդ դարերի Կիլիկիայի հայկական պետության դրոշակները և ջանում է առույգ պահել հայոց փառապանծ այբուբենը:Դամասկոսի և Հալեպի համերգները կայացան ի պատիվ հայ ուսուցչի: Այս համերգներով ԳՈՀԱՐ-ը նաև իր շնորհակալությունն է հայտնել Սիրիային, որ ապաստան է տվել Կիլիկիայից գաղթած հայերին, ովքեր նաև իրենց երկրորդ հայրենիքում էլ կենդանի պահել հայկական երգը, այբուբենն ու դրոշը:
Placeholder
ԳՈՀԱՐԸ` ՍԻՐԻԱՅՈՒՄ